13 հոկտեմբերի 2011 - 17:43 AMT
Դավիթ Բաբայան. Պատ կառուցելով Արցախի սահմանին` Ադրբեջանը դե ֆակտո կճանաչի ԼՂՀ-ն

Պատ կառուցելով ԼՂՀ հետ շփման գծում` Ադրբեջանը դե ֆակտո ճանաչում է Լեռնային Ղարաբաղի սահմանները և հենց ԼՂՀ-ն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Սակայն Բաբայանը նշել է, որ պատի միջոցով Բաքուն փորձում է առաջ մղել հակահայկական քարոզչությունը: «Նման որոշմամբ Բաքուն փորձում է ներկայացնել իրեն զոհի դերում, որը ցանկանում է բաժանել իրեն բարբարոսներից»,- ասել է նա և հավելել, որ Բաքուն նույնպես կարող է օգտագործել այդ պատը, որպեսզի թաքցնի իր դիպուկահարներին: Բաբայանը նաև չի բացառել այն հնարավորությունը, որ ադրբեջանական կողմը կրկին կարող է խախտել հրադադարի ռեժիմը, «և արժանի պատասխան ստանալու դեպքում պատը կարող է քանդվել, ինչը հերթական անգամ առիթ կտա Արցախը ներկայացնել որպես ագրեսոր»:

Անդրադառնալով նրան, թե կարող է արդյոք Արցախը կառուցել նման պատ, Դավիթ Բաբայանն ասել է. «Մենք նրանց նման բարդույթներ չունենք, և չեմ կարծում, որ մենք նման քայլ կձեռնարկենք»:

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի երկայնքով կառուցում է պաշտպանիչ պատ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Չրաղլի գյուղի մոտ արդեն կառուցվել է 700 մետր երկարությամբ և 3 մետր բարձրությամբ պատ: «Պատի կառուցումը թույլ կտա ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը, հնարավորություն կտա մարդկանց վերադառնալ իրենց տները»,- ասել է Չրաղլի գյուղի գյուղապետ Գաբիլ Աբասովը:

«Հայ դիպուկահարներից պաշտպանվելու համար» պատի շինարարության հարցը Ադրբեջանում քննարկվում է 2006-ից: