Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ կարող է կայանալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի միջնորդությամբ: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել են ադրբեջանական աղբյուրները` ճշտելով, որ առաջարկը ստացվել է վերջերս ֆրանսիական նախագահի` տարածաշրջան կատարած այցի ընթացքում, և այն քննարկվել ու հավանության է արժանացել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կողմից: Սակայն Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կտրականապես հերքել է այդ տեղեկատվությունը. «Ադրբեջանում վերջին ժամանակներս տարօրինակ երևույթներ են կատարվում», գրում է «ՆԳ»-ն:
Հայաստան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտնել է, որ որքան արագ վերսկսվեն Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, այնքան լավ: Նրա խոսքով, անգործությունը հանգեցնում է պատերազմի: «Այսպիսով, միակ լուծումը կարող է լինել այն, որ հայերը և ադրբեջանցիները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում վերսկսեն բանակցային գործընթացը»,- ասել է նա: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ավելի լավ կլինի, եթե բանակցությունների վերսկսման մեկնակետ լինի խաղաղություն հաստատելու նպատակը: «Խաղաղության հաստատումն անհրաժեշտ է երկու երկրներին»,- ասել է նա: