1 նոյեմբերի 2011 - 16:59 AMT
Երևանում մեկնարկեցին Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումները

Այսօր` նոյեմբերի 1-ին հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմի մոտ մեկնարկեցին նրա 140-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Նա նաև նշեց, որ միայն նոյեմբեր ամսին սպասվում են կոմպոզիտորին նվիրված մի շարք միջոցառումներ, մասնավորապես երգիչ Մկրտիչ Մկրտչյանը այդ առիթով ժամանել է Փարիզից, և մենահամերգներով հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Բացի դրանից Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կտա կոմպոզիտորի հիշատակին, իսկ նոյեմբերի վերջին թանգարանում տեղի է ունենալու «Սպենդիարյանը և ժամանակը» հանրապետական գիտաժողովը:

Կոմպոզիտորի շիրիմի մոտ հոգեհանգստյան կարգի ժամանակ ելույթ ունեցավ Գեղարդավանքի երգեցիկ խումբը: Այնուհետև Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի սաները պատանի սպենդիարյանականների երդում տվեցին: Հնչեցին Սպենդիարյանի «Այ վարդ» և այլ ստեղծագործությունները, որոնք կատարեցին Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի ժող. գործիքների նվագախումբը (գեղ. ղեկ` Ս. Գասպարյան): Այնուհետև Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազային ակադեմիական թատրոնի երգչախումբը (գեղ. ղեկ` Կ. Սարգսյան) կատարեց Ալ. Սպենդիարյանի Կանանց և տղամարդկանց խմբերգերը «Ալմաստ» օպերայից: