2 նոյեմբերի 2011 - 12:49 AMT
Իրանի ԱԳՆ. Իրանը շարունակում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը

Իրանը շարունակելու է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը՝ չնայած ՌԴ կողմից C-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու մասին պայմանավորվածության չեղյալ համարելուն։ Այդ մասին Թեհրանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը։

Ինչպես հաղորդում է MehrNews գործակալությունը, նրա խոսքով ռուսական կողմն առաջարկել է իրականացնել ռադիոէլեկտրոնային սարքավորումների մատակարարումներ С-300 առաքելու փոխարեն։

Սեպտեմբերի 19-ին Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին կոչ է արել Ռուսաստանին կատարել իր պարտավորություններն Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրներ տրամադրելու վերաբերյալ։

Ռուսաստանի կողմից Իրանին С-300 մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2005-ի դեկտեմբերին։ Սակայն անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չեղյալ է համարել գործարքը, բացատրելով, որ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների նոր փաթեթն Իրանի հետ գործարքն անիրագործելի է դարձնում։