4 նոյեմբերի 2011 - 09:23 AMT
Դավիթ Բաբայանը խորհուրդ է տալիս լուրջ չընդունել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները

Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անհնար է։ Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցյում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան կարող է պաշտոնական մակարդակում աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Այն, որ այդ մասին խոսում են ԵԱՀԿ ներկայացուցիչները, ուղղակի հակասում է ղարաբաղյան հակամարտության հիմնական երկրորդ դոկտրինային, որը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Նրա խոսքով, ղարաբաղյան գործընթացում ցանկացած փոփոխություններ նպատակահարմար չեն։ Թուրքիան այն երկիրը չէ, որը անկանխակալ վերաբերմունք ունի ղարաբաղյան հակամարտության հարցում։ Նրա ադրբեջանամետ դիրքորոշումն անհնար է դարձնում նրա մասնակցությունը հակամարտության լուծման մեջ»,- ասել է Բաբայանը և հավելել, որ Անկարայի ներգրավվածությունն այս գործընթացում չի հանգեցնի կոնկրետ արդյունքի։