Հայաստանը հանդես է գալիս Իրանի հետ ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու օգտին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում իրանցի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամլո ասուլիսում։
Անդրադառնալով հարաբերությունների ամրապնդման թեմային՝ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը մտադիր է ամրապնդել Իրանի հետ հարաբերությունները նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում։ «Այդ ոլորտներում համագործակցության վառ օրինակ կդառնա երկաթուղու շինարարությունը, ինչը կակտիվացնի առևտրային հարաբերությունները, ինչպես նաև ՀԷԿ-երի գործունեությունը»,- ասել է Նալբանդյանը։
Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին ընդգծել է, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, և Իրանը պատրաստ է դրանից օգտվել սերտ համագործակցության շրջանակներում։ «Հայաստանն ունի արտահանման մեծ պոտենցիալ, որը մենք պատրաստ ենք ընդունել»,- ասել է նա։
Նալբանդյանը նաև նշել է երկու երկրների միջկառավարական խմբերի արդյունավետ գործունեության նշանակությունը։ «Մենք ունենք հեռանկարային և ընթացիկ նախագծեր, որոնք դրական կազդեն երկկողմանի հարաբերությունների վրա»,- ասել է նախարարը։