«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին մեկնաբանել է իր կուսակցության կողմից խորհրդարան ներմուծված «Լյուստրացիայի մասին» օրենքը: «Դա շատ կարևոր օրենք է, և այն ուղղված է բացառապես Հայաստանի անկախության ամրապնդմանը, Հայաստանում ժողովրդավարական կարգերի հաստատմանը»,- ընդգծել է նա: Մարտիրոսյանը նկատել է, որ նման օրենքներ կան բոլոր երկրներում: Արևելյան Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում, իսկ վերջերս նման օրենք է ընդունվել նաև Վրաստանում:
«Ժառանգությունից» պատգամավորը նշել է, որ այդ օրենքը չի վերաբերում հատուկ ծառայությունների աշխատակիցներին, այլ միայն գործակալներին, «որոնք, ես վստահ եմ, միանշանակ կան կառավարման համակարգում: Եվ լինելով կառավարման համակարգում` նրանք միտումնավոր Հայաստանը բացասական կամ սխալ ուղղությամբ են տանում»:
Նրա խոսքով` այդ գործակալներն այլընտրանք չունեն, «չէ որ, եթե նրանք բացահայտված չեն, պետք է աշխատեն, իսկ երբ բացահայտվում են, նրանց գործունեությունը դադարեցվում է»: Նա հավելել է նաև, որ օրենքը վերաբերում է ոչ միայն խորհրդային անվտանգության ծառայությունների, այլև օտար պետությունների ծառայությունների գործակալներին:
Մարտիրոսյանն ընդգծել է, որ դա «վհուկների որս» չի լինելու, և բացահայտված անձինք չեն կարողանա զբաղեցնել միայն որոշակի պաշտոններ` նախագահի, նախարարի, խորհրդարանի պատգամավորի և այլն: Նրա խոսքով` օրենքում նշված պաշտոնների բոլոր թեկնածուները պետք է հատուկ հանձնաժողովի քննությունն անցնեն, որը պարզելու է նախկինում նրանց մասնակցությունը օտար պետությունների հատուկ ծառայությունների աշխատանքին: