2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն բավականին թափանցիկ, գտնում է «Ազատ ժողովրդավարներ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Ըստ նրա, «Հայաստանը փոքր ու ենթակա հանրապետություն է» և ստիպված է լինելու կատարել իր պարտավորությունները Եվրոպայի առջև և թափանցիկ ընտրություններ անցկացնել:
Նրա վստահությունը հիմնված է նաև այն պարագայի վրա, որ նախընտրական պայքարին մասնակցում են այնպիսի հզոր քաղաքական ուժեր, ինչպիսիք են «Բարգավաճ Հայաստանն» ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:
Ինչ վերաբերում է «Ազատ ժողովրդավարների» նախապատրաստմանը առաջիկա ընտրություններին, ապա, ըստ Սեդրակյանի, նրանք այժմ զբաղված են կուսակցությունների տարածքային կառույցների ձևավորմամբ: Նա հայտնել է, որ կուսակցությունն այժմ ունի 3 հազար անդամ:
Սեդրակյանը նշել է, որ կուսակցությունը դեռևս չի որոշել՝ առանձին են մասնակցելու ընտրություններին թե այլ քաղաքական ուժերի հետ դաշինքում: Ըստ նրա, իր հայացքներով «Ազատ ժողովրդավարներին» շատ մոտ է «Ժառանգությունը»: