8 դեկտեմբերի 2011 - 15:45 AMT
Լատինական Ամերիկայում հայ երգիչները հանդես են եկել բարեգործական համերգներով

ՀՀ սփյուռքի նախարարության «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 2-19-ը Արա Գևորգյանը, իսկ նոյեմբերի 21-30-ը Զարուհի Բաբայանը, Արմինե Նահապետյանը, Վարազդատ Խաչումյանը և Սևակ Ամրոյանը բարեգործական համերգային ծրագրերով հանդես են եկել Ուրուգվայում, Բրազիլիայում և Արգենտինայում:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի մասնակցությամբ այսօր նախարարությունում տեղի է ունեցել կոմպոզիտոր Արա Գևորգյանի, երգչուհիներ Զարուհի Բաբայանի, Արմինե Նահապետյանի, երաժիշտներ Վարազդատ Խաչումյանի և Սևակ Ամրոյանի մամուլի ասուլիսը վերոնշյալ համերգների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանն աջակցության համար` Սփյուռքի հայ համայնքներից վերադարձած մշակույթի գործիչները կիսվեցին տպավորություններով` նշելով Բրազիլիայի, Արգենտինայի և Ուրուգվայի հայության ջերմ ընդունելության, համերգների առաջացրած մեծ ոգևորության մասին: Նրանք ընդգծեցին հայկական ազգային մշակութային ձեռնարկների անհրաժեշտությունը` հայության ազգային ոգին բարձր պահելու, հայապահպանության հիմնախնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: