ԵՄ-ն սատարում է հակամարտության կարգավորման միակ ձևաչափի ջանքերին, որն ընդունելի է Ադրբեջանի ու Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան: Ըստ նրա, ԵՄ-ն ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծում ստանա: «Քանի որ Եվրամիությունը ցանկանում է կոնկրետ նվաճումների վկան դառնալ, ԵՄ-ն փորձում է նոր ուղիներ գտնել լրացնելու և աջակցելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Դրա վառ ապացույցն է արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի կողմից Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցչի պաշտոնում Ֆիլիպ Լեֆորտի նշանակումը: Նրա մանդատը ներառում է նաև հակամարտությունների կարգավորումը տարածաշրջանում և աջակցությունն առկա մեխանիզմներին»,-ասել է նա:
«Մենք պատրաստ ենք աջակցել պատերազմից տուժած ենթակառուցվածքների վերականգնմանը այն բանից հետո, երբ խաղաղ համաձայնագիր կկնքվի»,-ասել է Ռոլան Կոբիան:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլում մտադրություն չկա փոխարինելու ֆրանսիացի համանախագահին ԵՄ ներկայացուցիչով: Հարկավոր է կենտրոնանալ այդ հակամարտության լուծումը գտնելու վրա, ոչ թե կանգ առնել, ժամանակ կորցնելով ՄԽ ձևաչափի փոփոխման վրա»,-ասել է Կոբիան, հայտնում է 1news.az-ը: