Գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը վերընտրվեց «Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորման» գլխավոր ատաման: Ատամանի ընտրությունները տեղի են ունեցել այսօր` դեկտեմբերի 24-ին միավորման համաժողովի ընթացքում: Նա եղել է միակ թեկնածուն: Ընտրությունն անցավ բաց քվեարկությամբ, բոլորը կողմ քվեարկեցին:
Զադոյանը գլխավորում է միավորումը հենց հիմնադրման պահից` 1999 թ-ից:
Համագումարին ներկա էին ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ:
«Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորումը» (ԲՀ ՄՀԿՄ) ոչ պետական, ինքնավար եւ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, որը եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում: Բարի կամքի անդամության հիման վրա ստեղծված այս կազմակերպությունը, օգտագործելով ազգային դիվանագիտության հնարավորությունները, ձգտում է ծառայել բարեկամության, փոխըմբռնման եւ համագործակցության, մերձավոր եւ հեռավոր արտասահմանի կազակության հետ կապերի ամրապնդման, բազմակողմանի համագործակցության զարգացման գործին: Ներկայումս ԲՀ ՄՀԿՄ-ին 5 հազար հոգի է անդամակցում, այդ թվում` ՀՀ քաղաքացի ավելի քան 4000 տոհմական կազակներ: