5 հունվարի 2012 - 13:37 AMT
Մեթյու Բրայզան, այնուամենայնիվ, լքեց Ադրբեջանը

Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան լքել է Բաքուն, հաղորդել են դեսպանատան մամլո ծառայությունից:

Բրայզան հունվարի 3-ին Ադրբեջանից մեկնել է Վաշինգտոն:

Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2010 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ` շրջանցելով Սենատին, քանի որ Բրայզայի թեկնածությունը Սենատում դիմադրության էր հանդիպել:

ԱՄՆ Սահմանադրության համաձայն, նախագահի առաջադրած թեկնածուներին պետք է հաստատի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը: Սակայն այն ժամանակահատվածում, երբ Կոնգրեսն արձակուրդում է գտնվում նստաշրջանների միջև, նախագահը կարող է միանձնյա կատարել կադրային նշանակումներ:

Օբաման օգտվեց իր իրավունքից և հաստատեց Բրայզային Ադրբեջանում դեսպանի պաշտոնում այն ժամանակամիջոցում, երբ 111-րդ գումարման Սենատը ավարտել էր իր աշխատանքը, իսկ 112-րդ գումարման Սենատի նստաշրջանը դեռևս չէր մեկնարկել:

ԱՄՆ օրենսդրության համաձայն, նման կերպ նշանակված պաշտոնատար անձը կարող է աշխատել մինչև Սենատի 112-րդ գումարման հաջորդ նստաշրջանի ավարտը, տվյալ դեպքում` մոտ մեկ տարի, առանց Սենատի կողմից լրացուցիչ հաստատումների:

Նախքան Ադրբեջանում դեսպանի պաշտոնին նշանակվելը Բրայզան զբաղեցնում էր Եվրոպայում ու Եվրասիայում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Ինչպես դեկտեմբերի 29-ին մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Բրայզան, «եթե իմ թեկնածության վերաբերյալ քվեարկություն չկայանա, ես ստիպված կլինեմ մեկնել նախքան ԱՄՆ Սենատի նոր նստաշրջանի մեկնարկը` մինչև հունվարի 3-ը»:

Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կկատարի Ադամ Սթերլինգը, գրում է newsazerbaijan.ru-ն: