Ռուսական Mail.Ru Group ընկերությունը գործարկել է Futubra կոչվող միկրոբլոգային ծառայությունը։ Ընկերությունը դեռևս 2011-ի դեկտեմբերին հայտնել էր, որ պատրաստավում է թողարկել սեփական միկրոբլոգային հարթակը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Futubra-ն իրենից ներկայացնում է սովորական միկրոբլոգային հարթակ, որտեղ օգտագործողները կարող են գրառումներ կատարել, բաժանորդագրվել այլոց գրառումներին, ավելացնել նկարներ և տեսանյութեր գրառումներին։ Բացի այս ամենից, Futubra-ում կա հնարավորություն ստեղծել իրադարձություններ և նշել սեփական գրառումներում այլ օգտագործողներին։ Mail.Ru Group-ի նախագծողները հետագայում պատրաստվում են ստեղծել Futubra-ի բջջային ծրագիրը ամենաճանաչված բջջային օպերացիոն հարթակների համար՝ iOS, Android, WP7, bada և Symbian։
Այս պահին այս նախագծի վրա աշխատում է ընդամենը 20 մարդ։
Mail.ru խումբը (Mail.ru Group) ստեղծվել է 2010-ին։ Այն վերահսկում է ռուսական սոցիալական ցանցեր «Համադասարանցիներն» ու «Իմ աշխարհը»։ Բացի դրանից Mail.ru խմբին է պատկանում «Վ կոնտակտե» սոցիալական ցանցի 40%-ը և Facebook-ի 2%-ը։ Mail.ru խումբը բաժնետեր է հանդիսանում նաև շփման այլ ծառայությունների՝ ICQ-ի, «Mail.ru Агент»-ի, վճարովի Qiwi ծառայության և այլն։
Աշխարհի ամենաճանաչված միկրոբլոգային հարթակը Twitter –ն է՝ ամբողջ աշխարհում ավելի քան 200 միլիոն օգտագործողով։