Սիրիայում և Իրանում իրավիճակի ապակայունացման ֆոնի վրա դիտվում է այնտեղի հայ համայնքների հետաքրքրության ակտիվացում Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ուղղությամբ: Այդ մասին հունվարի 17-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանը: «Ներկայումս այդ համայնքների մասնակցությունը Հայաստանի անշարժ գույքի շուկային կազմում է 10-15 տոկոս»,-ասել է նա:
Մասնագետը նման հետաքրքրությունը բացատրում է նրանով, որ այնտեղ բնակվող քաղաքացիները բարձր են գնահատում Հայաստանի պոտենցիալը` սահմանների մոտ լինելու տեսանկյունից և ելնելով մարդու ազատության գործոնից: Բաղդասարյանի խոսքով, նման պոտենցիալի մասին կարծիքը, մասնավորապես Իրանի քաղաքացիների մոտ, ձևավորվել է զբոսաշրջային բազմաթիվ այցելությունների արդյունքում:
Այս առնչությամբ «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահը հավելել Է, որ անշարժ գույքի պահանջարկի մեծացումը կհանգեցնի այս շուկայում գների բարձրացման:
Բացի այդ, ինչպես հաղորդում է մասնագետը, Բեյրութում անշարժ գույք ունեցող Հայաստանի քաղաքացիների 50 տոկոսը կորցրել է այն: Իսկ ԱՄԷ-ի հետ սերտ բիզնես-հարաբերությունների մասին, ըստ նրա, վկայում են շաբաթական 8 անգամ իրականացվող ուղիղ չվերթերը: