«Սարդարապատ» նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, թե կանաչ տնտեսության հարացույցի ներքո, հայրենի բնության բնական պաշարների խելամիտ և վերականգնողական օգտագործումը, գյուղական համայնքների ենթակառույցների վերականգնումը, հայ շինականի` սեփական ուժերի նկատմամբ հավատը վերականգնելը համայն հայության համար ռազմավարական նշանակության խնդիրներ են, որոնք կարիք ունեն անհապաղ լուծման։
Ըստ այդմ, նախաձեռնությունը դիմում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ հորդորելով նրանց գործնական ներդրումներ իրականացնելու գյուղական այն բնակավայրերում, որոնց տեղը կամ որոնց հարևանությամբ «հայրենի իշխանությունները» փորձում են շահագործել կամ արդեն իսկ շահագործում են հանքավայրեր`քանդելով ավանդական երկրագործական միջավայրը։
«Այն, որ Հայաստանում տնտեսության բոլոր ոլորտներում դրական տեղաշարժեր կլինեն միայն առկա կառավարման համակարգի փոփոխությունից հետո, աներկբա փաստ է։ Սակայն պետք է փաստել նաև, որ մինչև իշխող ռեժիմին «վաստակած երկարատև» հանգստի ուղարկելը, անհրաժեշտ է պահպանել հողին կապված հայ մարդուն և իր միջավայրը, պայմաններ ստեղծել, որպեսզի գյուղից արտագաղթը չմեծանա»,- նշվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։