Իրադրությունը Ֆրանսիայի մայրաքաղաքում աստիճանաբար լարվում է` կապված Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:
Էքիյանի խոսքով` ողջ Եվրոպայից մեծ քանակությամբ թուրքեր կհավաքվեն Սենատի դիմաց` ի նշան բողոքի, մինչդեռ հայկական կազմակերպությունները մտադիր են ակցիա անցկացնել` ի օժանդակություն բանաձևի:
«Հուսով եմ, որ չնայած հակասական կարծիքներին Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում, նախագահի քաղաքական գիծը կարժանանա սենատորների ուշադրությանը»,- նշել է Էքիյանը:
Բացի այդ, լրագրողը հաղորդել է, որ անվանի արվեստագետները կապ են հաստատել Ֆրանսիայի սենատորների հետ` հանդես գալով օրինագծի օգտին: «Այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Սերժ Ավեդիքյանը, Ռոբեր Գեդիկյանը, Էլեն Սեգարան, Ալեն Թերզյանն ու այլք, զանգահարել են սենատորներին»:
Այսօր Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: