24 հունվարի 2012 - 15:47 AMT
«Քեթրին գրուպը» պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար տուգանվել է 10 մլն դրամի չափով

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հունվարի 24-ի նիստում որոշել է պարարտանյութերի շուկայում գերիշխող «Քեթրին գրուպ» ընկերությանն իր դիրքերը չարաշահելու համար տուգանել 10 միլիոն դրամի չափով:

Դեռևս նախորդ տարվա մայիս ամսին վարչական վարույթ էր հարուցվել պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար:

Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում, այլ կերպ ասած` վերավաճառողների մոտ արձանագրվել էր մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի (50 կգ ) դիմաց: Ուսումնասիրելով գերիշխող տնտեսվարողների ապրանքի ձեռբերման փաստաթղթերը, Հանձնաժողովը պարզեց, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմում է 6200-6400 դրամ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշեց սահմանել հատուկ հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի շուկայում գործող գերիշխող տնտեսվարողները պարարտանյութը իրացնեն ողջամիտ` տվյալ դեպքում 7 հազար դրամ գնով:

Ընդ որում, այս շուկայի մյուս երկու գերիշխողները` «Ագրիմատկո Արմենիա» ՍՊԸ և «Մասիսի բերրիություն» ՍՊԸ, գնային որևէ փոփոխություն չեն իրականացրել: