Հայաստանի կառավարությունը հունվարի 26-ի նիստում որոշել է «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. նոյեմբերի 10-ը։
2004 թ. ստեղծված ընկերությունն Արագածոտնի մարզի Օրգով գյուղում կառուցում է 3 ՀԷԿ-ից բաղկացած հիդրոէներգոկասկադ։ Առաջին ՀԷԿ-ն արդեն շահագործվում է, երկրորդի շինաշխատանքներն ավարտված են, իսկ երրորդի շինարարությունը շարունակվում է։ Նախատեսվում է կատարել մոտ 790 մլն դրամի ներդրում և ձեռք բերել չեխական արտադրության չորս գեներատոր, որոնց արժեքն է 370,5 մլն դրամ։
Այսօրվա դրությամբ ընկերությունն ունի 20 աշխատատեղ, որոնց թիվն առաջիկա երկու տարում կկրկնապատկվի։