27 հոկտեմբերի 2003 - 19:55 AMT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ, ՔԱՆ ԱՊՀ ՄՅՈՒՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տոկոսային հարաբերությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտպանության վրա ավելի շատ են ծախսում, քան ԱՊՀ մյուս պետությունները: Ինչպես հաղորդում է«Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Washington ProFile»-ը, այդ տեղեկությունները հրապարակել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը: Աղբյուրի համաձայն, 2002 թվականին Հայաստանի ծախսերը պաշտպանության համար կազմել են համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) 6.4 տոկոսը կամ 162 դոլար բնակչության մեկ շնչի հաշվով: Նույն նպատակով Ադրբեջանը ծախսել է ՀՆԱ 3.3 տոկոսը կամ 104 դոլար բնակչության մեկ շնչի հաշվով: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Վրաստանի պաշտպանության կարիքների ծախսերը կազմել են ՀՆԱ 1.7 տոկոսը կամ 46 դոլար բնակչության մեկ շնչի հաշվով: Հետխորհրդային մյուս պետություններից, ըստ բացարձակ ցուցանիշի, զինված ուժերի կարիքների համար առավել միջոցներ է ծախսել Ռուսաստանը` ՀՆԱ 4.8 տոկոսը կամ 333 դոլար բնակչության մեկ շնչի հաշվով: ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային առաջատար ըստ ընդհանուր ռազմական ծախսերի ցուցանիշի` 2002 թվականին դրանք կազմել են 329 մլրդ 616 մլն դոլար կամ 1 138 դոլար բնակչության մեկ շնչի հաշվով, որը կազմել է երկրի ՀՆԱ-ի 3.3 տոկոսը: