26 հունվարի 2012 - 17:26 AMT
Է. Շարմազանովը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական օրինագծի հեղինակ Վալերի Բուայեին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ եւ զեկուցող Վալերի Բուայեին: «Հարգելի տիկին Բուայե, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի, ապա Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ ցանկանում եմ հայտնել խորին երախտագիտությունս և հղել Ձեզ ջերմագին բարեմաղթանքներս:

Ֆրանսիայի խորհրդարանը մեկ անգամ ևս հաստատեց այն բարձր արժեքները, որոնք այնքան թանկ են ֆրանսիացիների համար: Այս օրենքը համահունչ է Ֆրանսիայի համարմանը և այն գրվելու է արդարության համար մղվող պայքարի պատմության էջերում:

Մենք խորապես գիտակցում ենք, թե որքան երկար ու ծանր էր այդ պայքարը և ցանկանում ենք առանձնահատուկ շնորհավորել Ձեզ համամարդկային արժեքների համար մղվող պայքարում Ձեր ցուցաբերած բացառիկ արիության համար:

Մենք լիահույս ենք, որ ժողովրդավար այլ խորհրդարաններ ևս կընտրեն այս ուղին»: