26 հունվարի 2012 - 21:02 AMT
Հենրիխ Մխիթարյան. Լավագույն նվերն այն է, երբ քո մասին հիշում են

Դոնեցկի «Շախտյորի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է տարեցտարի ծննդյան օրը հավաքների ժամանակ տոնելը: Հունվարի 22-ին Մխիթարյանը դարձավ 23 տարեկան, այդ օրերին նրա թիմը Դուբայում մասնակցում էր Dubai Cup-2012 առաջնությանը:

«Արդեն այնպիսի զգացողություն է, որ այդ օրը բոլորովին էլ տոն չէ: Իսկ եթե լուրջ, ապա ես հասկանում եմ, որ այդպիսին են իմ կարիերայի առանձնահատկությունները: Եվ ես պետք է շնորհակալ լինեմ այն բանի համար, որ խաղում եմ այսպիսի թիմում, իմ ծննդյան օրն անցկացնում եմ հավաքներում, պարզապես այդպես է ստացվում, ոչ ոք դա հատուկ չի կազմակերպում»,- ասել է Մխիթարյանը:

Նա նշել է, որ իր համար ամենակարևորն այն է, որ մարդիկ ուշադրություն են հատկացնում, պարզապես զանգում և շնորհավորում են. «Լավագույն նվերն այն է, երբ քո մասին հիշում են»: