29 փետրվարի 2012 - 16:44 AMT
Ռեգիմանտաս Ադոմայտիս. Ինձ համար Հայաստանը վաղուց է 2-րդ հայրենիք դարձել

Լիտվայի ԽՍՀ վաստակավոր դերասան, ԽՍՀՄ վաստակավոր դերասան, Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Գեդիմինասի երրորդ աստիճանի պատվո շքանշանի ասպետ Ռեգիմանտաս Ադոմայտիսն ասում է, որ Հայաստանն իր համար վաղուց է երկրորդ հայրենիք դարձել: «Հայաստանի և հայ ժողովրդի շնորհիվ ես ճանաչեցի այն, ինչ ուրիշ պայմաններում չէի իմանա: Այդ փորձն ինձ այնքան կապեց Հայաստանի հետ, որ Հայաստան եմ գալիս կարծես հարազատներիս մոտ», մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ադոմայտիսը: Դերասանը, ով Հայաստանում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում, նշեց, որ զարմանում է այն փաստի վրա, որ մինչ այժմ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ցնցված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից:

Ռեգիմանտաս Ադոմայտիսը ծնվել է 1937 թ-ի հունվարի 31-ին, Լիտվայի Շաուլյայ քաղաքում: Ավարտել է Վիլնյուսի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը և Վիլնյուսի կոնսերվատորիայի դերասանական բաժինը: 1963-1967թթ. աշխատել է Կաունասի դրամատիկական թատրոնում, իսկ 1967 թ-ից` Լիտվայի Ազգային դրամատիկական թատրոնի դերասան է: Որպես կինոդերասան նա հայտնի դարձավ 1970թ-ին նկարահանված Վիտաուտաս Ժալակյավիչուսի «Ոչ ոք չէր ուզում մեռնել» լեգենդար ֆիլմում նկարահանվելուց հետո: