16 մարտի 2012 - 09:29 AMT
Հիլարի Քլինթոնը Սերգեյ Լավրովին չի խնդրել ուղերձ փոխանցել Իրանի իշխանություններին

ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքել է վերջերս ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իբր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին խնդրել է տեղեկացնել Իրանի իշխանություններին այն մասին, որ միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ Իրանի ապրիլին ծրագրված բանակցությունները Թեհրանի վերջին հնարավորությունն է պատերազմից խուսափելու համար: Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտը»: Չնշվող աղբյուրին հղում կատարող հրատարակության տվյալների համաձայն՝ Քլինթոնը համապատասխան խնդրանքով Լավրովին է դիմել անցյալ երկուշաբթի Նյու Յորքում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: