17 մարտի 2012 - 17:55 AMT
Ռուբեն Հակոբյանը իշխող կուսակցությունների ծրագրի մասին. Ի՞նչն էր խանգարում ավելի վաղ իրականացնել դա

«Ժառանգություն» կուսակցության նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը մեկնաբանել է Հայաստանում փոփոխությունների և բարեփոխումների անհրաժեշտության մասին հայտարարությունները, որոնք հնչել են երկու առաջատար կոալիցիոն կուսակցությունների` ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» համագումարների ժամանակ: «Ես ուշադրությամբ ընթերցում եմ զեկույցներն ու ծրագրերը, և չի կարելի չստորագրել ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստանի» համագումարներում հնչած նախադասություններից որևէ մեկի տակ: Սակայն ամբողջ ցավը նրանում է, թե ինչն էր նախկինում խանգարում իրագործել այդ ամենը»,- հայտնել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին:

Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացու մոտ հարց է ծագում, թե ինչն էր այս տարիների ընթացքում խանգարում իշխող կուսակցություններին, հատկապես ՀՀԿ-ին իրականացնել իրենց նոր նախընտրական ծրագրերի դրույթները:

«Ժառանգության» ներկայացուցիչը նկատել է նաև, որ երկրում բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է խոսել քաղաքական կամքի, այլ ոչ թե պարզապես բարեփոխումների հանդեպ հավատի առկայության մասին: