2 հուլիսի 2012 - 17:56 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայ լողորդներն անում են ամեն ինչ, որ Օլիմպիադայում նախկինում ցույց տված արդյունքները գերազանցեն
Արման Վահանյան. Մենք հիմնականում մարզվում ենք 25-մետր լողավազանում, իսկ Օլիմպիադան կկայանա 50-մետրանոցում
Հայաստանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում ներկայացուցիչ կունենա նաև լող մարզաձևում: Կանանց պայքարում 100 մ թիկնալող ձևում հանդես կգա Անահիտ Բարսեղյանը, իսկ տղամարդկանց 100մ ազատ ոճում՝ Միքայել Քոլոյանը: Այս մարզիկների անձնական մարզիչ և ՀՀ պատանեկան թիմի ավագ մարզիչ Արման Վահանյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշեց, որ հանրապետության առաջնությունից հետո սկսել են պատրաստվել զուտ Օլիմպիադային:

«20 օր մենք 2000մ բարձրության վրա ենք կատարել մեր պարապմունքները, մրցումներից 21 օր առաջ իջել ենք 1000 մ բարձրության վրա, որ վերջնական աշխատանքները կատարենք Երևանում»,- ասաց Վահանյանը:

Օլիմպիական խաղերին մասնակցելու համար միջազգային ֆեդերացիան և միջազգային Օլիմպիական կոմիտեն տրամադրում է մեկ տարի ժամանակ, որպեսզի լողորդները կարողանան խաղերին մասնակցելու համար միավորներ վաստակել: Միքայել Քոլոյանը, Անահիտ Բարսեղյանը և Մոնիկա Վասիլյանը մասնակցել են Շանհայում կայացած աշխարհի առաջնությանը: Լավ մասնակցության համար սպիտակ քարտ են շահել Միքայելն ու Անահիտը:

«Հավաքականն առավոտյան պարապում է Դավիթ Համբարձումյան լողավազանում, իսկ երեկոյան` ամեն մեկն իր ակումբում: Կոնկրետ Միքայելն ու Անահիտը «Նեպտուն» լողավազանում են մարզվում, սակայն այս լողավազանները 25-մետրանոց են, իսկ միջազգային մրցաշարերում, այդ թվում և Օլիմպիական խաղերում, պայքարն ընթանում է 50-մետրում: Ծաղկաձորում լողավազնը շատ լավն է, իսկ Երևան իջնելուց հետո՝ կխնդրենք «Golds Gym»-ին տրամադրեն իրենց 50- մետրանոց լողավազանը, որ մենք շարունակենք պատրաստվել: Մենք շատ շնորակալ ենք բոլոր այս լողավազններին: Ճիշտ է, ժամանակը քիչ է, բայց կաշխատենք, որ հասցնենք»,- ասաց մարզիչը:

Նա խոստովանեց, որ իրենք աշխատում են, որ նախկինում ցույց տված արդյունքները գերազանցեն ու Օլիմպիական խաղերում հանդես գան որքան հնարավոր է լավ:

«Անահիտը թիկնալողում Հայաստանի ռեկորդակիր է, իր հիմնական ձևը դա է, իսկ զուտ խորը մասնագիտականը` 100մ: Միքայելինը ազատ ոճն է, ու լավ է զգում իրեն 100 և 200մ, բայց քանի որ մենք հիմնականում պարապում ենք փոքր լողավազանում, մենք իրեն միջազգային ասպարեզում 200 մետր չենք ներկայացնում: Հուսանք, որ նրանք լավ մասնակցություն կունենան»,- եզրափակեց Վահանյանը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News