13 օգոստոսի 2012 - 15:39 AMT
ՀՈԴՎԱԾ
Մերձավոր Արևելքում հասունանում է «քրդական գարուն»
Անկախ Քրդստանը հաշվի չի առնելու ոչ Անկարային, ոչ Բաղդադին, ոչ Դամասկոսին: Այն ամենն ինչ պետք է, նա կունենա` նավթ` Մերձավոր Արևելքի ամենակարևոր առավելությունը
«Արաբական գարունը» աստիճանաբար վերափոխվում է «քրդական գարնան»: Այսպես, համենայն դեպս, կարելի է բնորոշել վերջին ժամանակներս ավելի հաճախակի դարձած Սիրիայում և, որոշ չափով Իրանում բնակվող միացյալ քրդական ժողովդրի բախումները թուրքական կանոնավոր բանակի հետ:Քրդերն ակնհայտորեն զգացել են, որ Մերձավոր Արևելքում տիրող խառնաշփոթը կարող է նրանց օգնել ստեղծել անկախ Քրտստանը և այդ կերպ վերահսկել նավթի հոսքը ոչ միայն Իրաքից, այլ նաև Սիրիայից:

Իրադարձությունների նման զարգացման անթույլատրելիության հարցում գլխավոր դերը խաղում է Թուրքիան, որի համար քրդական հարցը արդեն մի քանի տասնամյակ անլուծելի է համարվում: Թուրքական կանոնավոր բանակի` ՔԲԿ քուրդ գրոհայիններին ոչնչացնելու բոլոր փորձերը անհաջող են ավարտվում: Քրդական ճամբարները ոչնչացնելու պատրվակով ինքնիշխան Իրաքի տարածք մշտական ներխուժումները ոչնչի չհանգեցրին, այժմ հերթը սիրիական քրդերինն է, որոնք միավորված են Քրդական ժողովրդավարական կուսակցության ներքո, որն էլ սերտ կապերի մեջ է Քրդական բանվորական կուսակցության հետ: Այս ամենին գումարվում են նաև Իրանում արգելված «Փեժակ» քրդական կուսակցությունը և քուրդ գրոհայինների այլ ստորաբաժանումներ, որոնք, չեն մտնեում որևէ կազմակերպության մեջ, սակայն, այնուամենայնիվ, Թուրքիային լուրջ վնասներ են հասցնում:

Ահմեդ Դավութօղլուի «հարևանների հետ ոչ մի խնդիր» ձախողված քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Թուրքիայի ղեկավարող բարձրագույն մարմիններում սկսել են խոսել նրա պաշտոնաթողության մասին, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը «խնդիր է դարձել գրեթե բոլոր հարևանների հետ»: Այստեղ տեղին է նկատել, որ PYD-ն գաղտնի համաձայնություն է կնքել Ասադի հետ և Սիրիայի հյուսիս-արևելքում վերահսկում է կարևորագույն շրջանները: Եթե քրդական ստորաբաժանումները միավորվեն, իսկ դա հավանական է, ապա Անկարայի համար իսկական մղձավանջ կսկսվի` որպես Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի տարածքներում անկախ Քրդստանի ստեղծում: Սիրիայում գործում է նաև 11 կուսակցություններից բաղկացած Քրդական Ազգային խորհուրդը, որը, ընդհանուր առմամբ, տարաձայնություններ չունի Ասադի հետ, առավել ևս` իրաքայան քրդերի:

Hürriyet պարբերականի թուրք տեսաբան Էրթոհրուլ Օզկոկը բավականին տրամաբանակն հարց է առաջադրում. «Եթե մենք չենք կարողանում վերահսկել քրդերի հետ 400կմ ձգվող սահմանը, ապա ինչպե±ս կարող ենք վերահսկել 1200 կմ: Արաբները պայքարում են, քրդերը` հաղթում: Քրդերը ևս մեկ քայլ են անում անկախ պետության ստեղծման ճանապարհին: Բացի այդ, նրանք կարող են դրան հասնել առանց հրաձգության: Ինչո±վ է զբաղված Թուրքիայի ԱԳ նախարարը»:

Եվ իհարկե նավթը` Կիրկուկից Ջեյհան տանող երկու ռազմավարական նավթա- և գազատարերը: Սա այն քարտեզն է, որը բավականին մեծ հաջողությամբ կարող են շահարկել քրդերը, և, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ հանգում է հենց դրան: Անկախ Քրդստանը հաշվի չի առնելու ոչ Անկարային, ոչ Բաղդադին, ոչ Դամասկոսին: Այն ամենն ինչ պետք է, նա կունենա` նավթ` Մերձավոր Արևելքի ամենակարևոր առավելությունը: Չկա նավթ, ուրեմն պետք է ինչ-որ մեկին հարմարվել: Իսկ երբ կա` բոլորը մեծ ուրախությամբ կսկսեն հարմարվել քեզ:

Մինչ այդ, Թուրքիայի իշխանությունները սպառնացել են Սիրիային միջամտությամբ` հայտարարելով, որ թույլ չեն տա քուրդ անջատողականներին օգտագործել այդ երկրի տարածքը որպես իրենց բազա: Թուրքիան շարունակում է զորքեր տեղակայել Սիրիայի հետ սահմանից 900կմ հեռավորության վրա: Թուրքիայի կառավարությունն անհանգստացած է նրանով, որ սիրիական քրդերը շարունակում են իրենց վերահսկողության տակ առնել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում տեղակայված բնակավայրերը, մինչդեռ երկրի այլ շրջաններում սիրիական կառավարությունը շարունակում է պայքարել ապստամբների դեմ:

«Մենք թույլ չենք տա, որ մեր սահմանի մոտակայքում ձևավորվի ահաբեկչական կառույց»,-հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն` հադես գալով թուրքական հեռուստատեսությունում: «Մենք մեզ նման իրավունք վերապահում ենք` ով ուզում է լինի` Ալ-Քաիդան, թե ՔԲԿ-ը: Մենք սա համարում ենք ազգային անվտանգության հարց և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները»: Համանման հայտարարությամբ նախորդ շաբաթ հանդես էր եկել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Քրդական անջատողականությունը կրկին գլուխ է բարձրացրել, բազմաթիվ թուրք գեներալներ ձերբակալված են, և Թուրքիայի համար նման օպերացիայի ռիսկերը գնալով ավելանում են:

Կարինե Տեր-Սահակյան