10 հոկտեմբերի 2014 - 18:02 AMT
ՀՈԴՎԱԾ
Որ արագաչափերը լավ ֆիքսեն. Նոր նմուշի պետհամարանիշ ձեռք բերելը դեռևս կամավոր է
Տեսախցիկների համար խնդրահարույց են հատկապես O, Q, D, C տառերը
Արդեն երկու ամիս է Հայաստանում շահագործվող ավտոմեքնենաների վրա տեղադրվում են նոր նմուշի պետհամարանիշներ` ավելի մեծ տառերով ու ՀՀ դրոշով:

Նոր պետհամարանիշներին անցումն ունի երկու հիմնական պատճառ` համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին ու ոչ այնքան հզոր տեսախցիկներն ու արագաչափերը.Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման նոր նմուշի համարանիշերում օգտագործվում են տառերի և թվերի՝ առավել ընթեռնելի գրելատեսակներ:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեռևս մարտին Կառավարությունում օրինագծի քննարկմանը նշել էր, որ հին նմուշի պետհամարանիշների վրա օգտագործվող տառերը փոքր են. «Տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումների պարագայում դժվարություն է առաջանում տառերը տարբերակելիս»:

Տեսախցիկների համար խնդրահարույց են հատկապես O, Q, D, C տառերը: Ասում են` նոր դիզայնով նման խնդիր չի առաջանա:

Կառավարության որոշմամբ «սովորական երկար» հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափերը մեծացվել են և հավասարեցվել թվերի չափերին, իսկ «քառակուսի» հաշվառման համարանիշերի վահանակների չափերը մեծացվում են, ինչի արդյունքում մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը:

Թե երբ նոր դիզայնով պետհամարանիշները կդառնան պարտադիր, դեռ հայտնի չէ. Ճանապարհային ոստիկանությունից PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեռևս այդ մասին խոսք չի գնում: Իսկ երբ որոշեն դարձնել պարտադիր, կհայտարարեն:

«Նոր ձեռք բերվող մեքենաները ստանում են նոր նմուշի պետհամարանիշ, հները` երթևեկում հին համարանիշներով: Եթե ցանկանում են փոխել հին մեքենայի համարանիշը, վճարում եք 12.000 դրամ ու ձեռք բերում նոր նմուշի համարանիշ` նոր դիզայնով, բայց տառերի և թվերի նույն հավաքածույով»:

Որոշակի թվերի համադրությամբ ցանկալի պետհամարանիշ ստանալու համար պետք է լրացուցիչ գումար վճարել` 60.000 դրամ և ավելի: Ի դեպ, Հայաստանում ամենաթանկ պետհամարանիշը վաճառվել է 1,2 մլն դրամով:

Բացի տառ-թիվ չափսերի փոփոխությունից, կա ևս մեկ փոփոխություն. այժմ համարանիշերի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը և Armenia բառի հապավումը` AM, բացի դեղին, կարմիր, երկնագույն հիմնագույների համարանիշերի, Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի համարանիշերի, «Հյուրերին սպասարկող» և «Տարանցիկ» տեսակների համարանիշերի:

Դեռևս 2 տարի առաջ ՃՈ աշխատակիցներն «արգելում» էին պետհամարանիշի վրա Հայաստանի դրոշը պատկերել կամ փակցնել: Թեև անգամ այն ժամանակ եռագույնը պետհամարանիշին ամրացնելը չէր կարող տուգանքի հիմք լինել, բայց որոշ ՃՈ տեսուչներ փորձում էին կամ տուգանում վարորդներին` պատճառաբանելով, որ պատհամարանիշը ստանդարտներին չի համապատասխանում: Խնդիրը բարձրաձայնվեց, երբ վարորդներից մեկը բողոքարկեց պետհամարանիշի մասով կազմած արձանագրությունը, իսկ վարչական դատարանը բավարարեց նրա պահանջը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net