2 դեկտեմբերի 2014 - 13:34 AMT
ՀՈԴՎԱԾ
Բիրմինհեմի համալսարանը երկու օրով դարձել էր Հարավային Կովկասի և Արցախի շուրջ քննարկումների հարթակ
Բիրմինհեմի համալսարանը հեղինակավոր և բաց հարթակ է բոլոր նրանց համար, ով ասելիք ունի
2014-ի նոյեմբերի 26-ին հեղինակավոր ուսումնական հաստատությունում՝ Բիրմինհեմի համալսարանում կլոր սեղան տեղի ունեցավ՝ նվիրված ղարաբաղյան հակամարտությանը, իսկ նոյեմբերի 27-ին սեմինար՝ նվիրված հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին, որը վարում էր ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովը: Մինչդեռ, որոշ հայկական ԶԼՄ-ներ շտապեցին դատապարտել Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված կլոր սեղանի անցկացումը: Կազմակերպիչների հասցեին կաշառված լինելու մեղադրանքներ հնչեցին…Բրիտանական համալսարանի շուրջ սկանդալի մասին իր կարծիքը հայտնեց նաև Դենիս Դվորնիկովը:

Ճիշտ ասած, ինձ շատ զարմացրեց և տխրեցրեց այն աղմուկը, որ բարձրացրեցին հայկական թերթի հեղինակները: Բացատրեմ ինչու: Առաջինը, ես հնարավորություն ունեցա շփվելու այդ միջոցառման մասնակիցների հետ հենց հաջորդ օրը: Ըստ էության, դա սովորական ակադեմիական նստաշրջան էր, որը չէր ենթադրում լայն հանրային լուսաբանում, քաղաքական եզրակցություններ կամ այլ հայտարարություններ: Այո, ելույթ ունեցավ ադրբեջանցի զեկուցողը: Բոլոր նրանք, ում հետ ինձ հաջողվեց խոսել, բնութագրեցին այդ ելույթը որպես առավելապես քաղաքականացված, և դա զարմանալի չէ: Առավել ևս, որ ակադեմիական դպրոցի ներկայացուցիչները շատ նրբանկատորեն են զգում քաղաքական դրդապատճառները, և երբ դա տեղի է ունենում, ապա հետաքրքրությունը զեկույցի հանդեպ զրոյանում է:

Երկրորդը, Բիրմինհեմի համալսարանը հեղինակավոր և բաց հարթակ է բոլոր նրանց համար, ով ասելիք ունի: Տառացիորեն հաջորդ օրը ինձ հնարավորություն ընձեռվեց ելույթ ունենալ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի սեփական վերլուծությամբ: Քննարկվող հարցերի շրջանակը մեծ էր՝ Եվրասիական տնտեսական միությունից մինչև չճանաչված պետությունների խնդիրներ: Մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների ներկայացուցիչներ: Քննարկումների մուտքն ու մասնակցությունն ազատ էին, ինչպես և Լեռնային Ղարաբաղին նվիրված միջոցառմանը:

Ի դեպ, Բիրմինհեմի համալսարանում ես ծանոթացա մի շատ հետաքրքիր փորձագետ ու բարձր որակավորում ունեցող փորձագետ Կևորկ Օսկանյանի հետ, այնպես որ այն խոսակցությունները, թե հայ ներկայացուցիչների քանակը սահմանափակ էր, չափազանցված են: Իմ սեմինարի մասնակիցներն ի թիվս այլ թեմաների հետաքրքրությամբ լսեցին Արցախ իմ ուղևորությունների վերաբերյալ տպավորությունների մասին պատմությունը, դիտեցին Ստեփանակերտի լուսանկարները, որ ես արել էի այցելության ժամանակ:

Բոլոր ելույթների ու ռեպլիկների տոնայնությունը շատ հստակ էր՝ տարածաշրջանին խաղաղություն է հարկավոր: Ոչ ոք շահագրգռված չէ բորբոքելու ու թեժացնելու հակամարտությունը:

Չի կարելի մտածել, թե գիտությունն ազատ է ֆինանսական խթանումից, այդ թվում նաև ոչ բարեխիղճ: Դա կա նաև դեղագործության, բնապահպանության, ինչպես նաև հումանիտար ոլորտներում: Այլ բան է կարևոր: Բիրմինյեմի նման հեղինակավոր համալսարանում ամոթալի են քարոզչության ցանկացած փորձեր: Չափազանց մեծ է հակադրությունը համալսարանի հինավուրց պատերի հետ: Ուստի, նույնիսկ եթե ենթադրենք, որ ինչ-որ մեկը փորձում է «գնել» այդ կարգի համալսարանական գիտությունը, ապա, ակնհայտ է, որ դա ի վնաս իրեն է լինելու: Այնպես որ, աղմուկ բարձրացնելու իմաստ չկար: Իսկ եթե հարցեր կան ակադեմիական բանավեճի մասնակիցների առումով, ապա պետք է ավելի ակտիվ մասնակցել գիտական բանավեճին:

Դենիս Դվորնիկով, «Ռուս-հայկական համագործակցության»փորձագետ