11 մայիսի 2015 - 16:59 AMT
ՀՈԴՎԱԾ
Արմեն որբանոց. Հայ մանուկների խլված տունն ու հիշողությունները
Ճամբարը կառուցվել է 6-7 տարեկան երեխաների ձեռքով, որոնք հող են կրել ու պատ ներկել
«Ասում են` մարդիկ իրենց գրպանում իրենց մանկությունն են պահում: Իմ գրպանի մանկությունն այս ճամբարն է. Մենք այս տեղը հետ ենք ուզում»,- Կարո, Թուզլայի հայկական ճամբարի նախկին սան:

«ՔամփԱրմեն» անունով հայտնի հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին մի մեծ ընտանիքի տուն է եղել: Այն եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 5.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամ. այն ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկ փաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար:

Այստեղ իրենց ամառն են անցկացրել մոտ 1500 Կարոներ, Զաքարներ, Հրանտներ, Ռաքելներ, Լևոններ: Ճամբարը կառուցվել է հենց այս երեխաների ձեռքով: 6-7 տարեկան երեխաները հող են կրել ու պատ ներկել: Նրանց քրտինքով քար է դրվել քարի վրա, այգի է տնկվել ու ծառ ջրվել: Կյանքի նվազագույն ուրախություններից զրկված 1500 երեխա այս ճամբարում գտել են մեծ ու ջերմ ընտանիք: Իրենց ձեռքով տուն կառուցել, սովորել իրենց մայրենի լեզուն, ու ճամբարի պատերի ներսում թողել իրենց մանկության լավագույն հիշողությունները:

Ու այսպես մոտ մեկ տասնյակ տարի մինչև որ ճամբարն ապօրինի ճանապարհով խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: Ճամբարի բռնազավթման պատմությունը բավականին երկար է ու խրթին: Պատմությունը լի է բազմաթիվ անտրամաբանական որոշումներով, ազգային փորքմասնությունների իրավունքների խախտումներով, դատական անարդյունք գործընթացներով:

Մինչ ճամբարի նախկին սաները պայքարում էին իրենց մանկության տունը հետ ստանալու համար, վերոնշյալ պատմությունը համալրվեց ևս մեկ տխրահռչակ իրադարձությամբ: Լուրեր տարածվեցին, որ ճամբարը պատրաստվում են քանդել ու դրա տեղում շքեղ վիլլա կառուցել: Իսկ նախօրեին շինարարական մեքենաները մտան ճամբար ու սկսեցին հողին հավասարեցնել այն: Որոշ սրտացավ մարդկանց ջանքերով ճամբարի ոչնչացումը կանգնեցվեց, ժամանակավորապես կանգնեցվեց:

Այս պատմության ավարտն ինչ կլինի, դժվարանում եմ ասել: Բայց վերջին շրջանում ճամբարի շուրջ ծավալված զարգացումների վերաբերյալ հնչող «Ինչո՞ւ, ինչպե՞ս, երբ՞, ու՞մ որոշմամբ, ի՞նչ հիմնավորմամբ» և այլ հարցերին կցանկանամ ավելացնել իմ հարցը. «Ի՞նչ խղճով եք Կարոյի գրպանից գողանում ու քանդում իր մանկությունը»:

Աստղիկ Իգիթյան / Ermenihaber.am