18 նոյեմբերի 2015 - 12:43 AMT
ՀՈԴՎԱԾ
Գյումրիից սթարթափը հաջողությամբ յուրացնում է ՏՏ ոլորտի ամենաբարդ ուղղություններից մեկը՝ 3D անիմացիան
Թիմը ստիպված է աշխատել ոչ միայն նախագծերի վրա, այլ նաև ուսուցանել անձնակազմի նոր անդամներին` հետագա ընդլայնման նպատակով
Մի քանի տարի առաջ Գյումրիի տեխնոպարկի շրջանակում հիմնվեց Մուլտիմեդիա լաբորատորիան այն պահի համար բավականին հավակնոտ հեռանկարով` վերածել Հայաստանի երկրորդ քաղաքն ինդուստրիալ մուլտիմեդիային կենտրոնի: Այս հավակնությունները պահպանվել են, քանի որ թիմը, որն աշխատում է լաբորատորիայում, երկար ճանապարհ անցնելով, կարողացել է օգտագործել ստացած գիտելիքներն ու փորձը սեփական ստարտափ ընկերություն հիմնելու համար: Երիտասարդ Skyline Studio-ն զբաղվում է 3D և 2D անիմացիայով, անիմացիոն դիզայնով (Motion Graphics) և վիզուալ էֆեկտներով: Քանի որ այս ուղղությունները ամենաբարդերիցն են նորարարության ոլորտում, թիմը ստիպված է աշխատել ոչ միայն նախագծերի վրա, այլ նաև ուսուցանել անձնակազմի նոր անդամներին հետագա ընդլայնման նպատակով:

Այսօրվա դրությամբ Հայաստանում մոտ 250 հաջողակ ՏՏ ընկերություն է գործում, որից միայն 10-12 է զբաղվում 3D-անիմացիայով: Skyline Studio-իղեկավար Գուրգեն Պարոնյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում պարզաբանել է դրա պատճառները` մարդկային ռեսուրսի ուսուցումը հսկայական ժամանակ է պահանջում, քանի որ բուն մասնագիտությունը բավականին բարդ է յուրացման համար: Բացի այդ, մուտքը շուկայի այդ հատված իր առանձնահատկություններն ունի: Գործընկերները հիմնականում կենտրոնանում են ընկերության հուսալիության վրա, իսկ դա, առաջին հերթին կապված է փորձի առկայության հետ: Ստարտափի համար այս մոտեցումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: Չնայած դրան, Skyline Studio-ն վստահ քայլերով է առաջ գնում:

«2015- փետրվարին թիմը շահեց 85-տոկոսով համաֆինանսավորվող դրամաշնորհը, որը տրամադրվում է ՀԲ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ անցկացվող «Ինկուբատոր ձեռնարկությունների» հիմնադրամի տեխնոլոգիական լուծումների մրցույթի շրջանակում: Դա թույլ տվեց արդեն մեկ ամսից ընկերություն ստեղծել` օգտագործելով Մուլտիմեդիա լաբորատորիայի մարդկային ռեսուրսը: Այս պահի դրությամբ Գյումրիում գործող սկսնակ ընկերությունը 8 աշխատակից ունի, որից 5-ը փորձառու անիմատորներ են, մյուս 3-ը` մեծ ներուժով հայցորդներ:

Հաշվի առնելով մասնագիտության բարդությունն ու լրացուցիչ ուսումնառության անհրաժեշտությունը` Գյումրիում ուսուցողական ծրագրեր են իրականացվում այս ուղղության զարգացման համար: Այս պահի դրությամբ խմբում 8 աշակերտ կա, որից 4-ը հետագայում կարող է համալրել Skyline Studio-ի աշխատակազմը: Իսկ դա նշանակում է, որ աճի միտումը կպահպանվի:

«Ընդհանուր առմամբ հիմնական խնդիրը լավ մասնագետների պակասն է եռաչափ անիմացիայի ոլորտում: ՏՏ ուղղվածության բազմաթիվ բուհեր կան, որոնց ուսանողները մասնագիտանում են նորարարությունների ամենատարբեր ոլորտներում: Ցավոք, բուհերից ոչ մեկում եռաչափ անիմացիա չեն դասավանդում: Ուստի, մենք ինքներս ենք ստիպված աշխատել մարդկանց հետ: Անհրաժեշտ են նաև հատուկ ուսումնական ծրագրեր, որոնք թույլ կտան մեզ հետագայում ևս համալրել ռեսուրսները»,-պարզաբանել է Պարոնյանը:

3D և 2D անիմացիայից, անիմացիոն դիզայնից և վիզուալ էֆեկտներից բացի ստուդիան փորձել է ուժերը նաև վեբ-դիզայնի գրաֆիկական բաղադրիչի մշակման, ինֆոգրաֆիկայի, և նույնիսկ համակարգչային խաղերի ստեղծման մեջ: Ստուդիայի ղեկավարը նշել է, որ թիմը մասնակցել է Տիմուր Բեկմամբետովի պրոդյուսերական կենտրոնի «Ալիսան գիտի, թե ինչ անել» ռուսական մուլտիֆիլմի 22-րդ սերիայի մշակմանը, ինչը լուրջ մարտահրավեր էր, քանի որ պահանջները բավականին բարձր էին: Սակայն թիմը կարողացավ հաղթահարել դժվարությունները, պատվիրատուն գոհ մնաց և համագործակցությունը շարունակվելու է: Հաշվի առնելով, որի թիմը երիտասարդ է, սա մեծ հաղթանակ էր մեզ համար»:

Թեև ստուդիան բազմաթիվ պատվերներ ունի, թիմը ժամանակ է գտնում նաև սեփական նախագծի մշակման համար: Ըստ մեր զրուցակցի, արդեն բավականին հետաքրքիր կերպարներ են ստեղծվել, ուրվագծվում է նաև սյուժեն և անտուրաժը:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net