3 դեկտեմբերի 2015 - 12:13 AMT
ՀՈԴՎԱԾ
Ընկերները միմյանց նման են ոչ միայն հետաքրքրություններով, այլև գեներով
Պարզվում է՝ ընկերները կենսաբանորեն մոտ են, օրինակ, ինչպես հինգերորդ սերնդի ազգականները, այսինքն զույգի նախանախանախաթոռները` ընդհանուր գեների մոտ 1%-ի մակարդակով
Ընկերների նման հետաքրքրություններն ու այլ առանձնահատկությունները այժմ բացատրում են ոչ միայն հոգեբանությունը, այլ նաև գենետիկան: Proceedings of the National Academy of Sciences ամսագրում ներկայացված է Նիկոլաս Քրիստակիսի և Ջեյմս Ֆաուլերի հետազոտությունը, որտեղ ասվում է ընկերների գենետիկ նմանության մասին:

Հետազոտության արդյունքում հետազոտվել է 2000 մարդու ԴՆԹ, որոնք արյունակցական կապեր չունեն: Ընտրությանը չեն մասնակցել ընկերների ընկերները, որոնք միաժամանակ հեռավոր ազգականներ են` ընտրվել են միայն ընկերները, որոնք կենսաբանորեն օտար են:

ԴՆԹ-ում համեմատվել է մոտ 1,5 մլն մարկեր, որոնք մատնանշում են գենետիկ տարբերակները: Պարզվել է, որ ընկերները, միջին հաշվով, կենսաբանորեն մոտ են, օրինակ, ինչպես հինգերորդ սերնդի ազգականները, այսինքն զույգի նախանախանախաթոռները` ընդհանուր գեների մոտ 1 տոկոսի մակարդակով: Այդ տիպի գեներն ավելի շատ են հոտառության (ընկերների հոտառությունը նույնատիպ է) և իմունային համակարգի hետ կապված խմբերում: Երկրորդ դեպքում նրանք, հակառակը, ավելի են տարբերվում, քան միջին հաշվով պոպուլյացիայի սահմանում` այսինքն ընկերների գենոտիպերը պաշտպանում են նրանց տարբեր հիվանդություններից: Նման երևույթի էվոլյուցիոն առավելություններն ակնհայտ են` փոքր համայնքն ավելի հեշտ կդիմադրի համաճարակներին, եթե նրա անդամները նույն դիմադրողականությունն ունեն:

Ըստ հետազոտողների, ընկերների նմանատիպ գեները մյուսներից ավելի արագ են զարգանում`հնարավոր է, որոշ չափով դրանով է բացատրվում մարդկության պատմության արագացումը վերջին 30 հազար տարում, երբ սոցիալական միջավայրը (և ընկերական կապերը որպես դրա բաղադրիչներից մեկը) դարձավ էվոլյուցիայի շարժիչ ուժերից մեկը:

PanARMENIAN.Net / Tsets