11 հունվարի 2016 - 14:03 AMT
ՀՈԴՎԱԾ
«Ոսկե գլոբուս-2016». Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան ընտրել է լավագույններին
Կինոգետներից շատերն այս մրցանակը համարում են «Օսկարի» «գլխավոր փորձը», թեև, վերջերս, լրագրողների և կինոակադեմիկոսների կարծիքները չեն համընկնում
Լոս Անջելեսի The Beverly Hilton հյուրանոցում տեղի է ունեցել Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը: Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Վերապրածը» ֆիլմը Լեոնարդո դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ հաղթող է դարձել մի քանի անվանակարգերում: Կինոգետներից շատերն այս մրցանակը համարում են «Օսկարի» «գլխավոր փորձը», թեև, վերջերս, լրագրողների և կինոակադեմիկոսների կարծիքները չեն համընկնում:

PanARMENIAN.Net –ը ներկայացնում է «Ոսկե գլոբուսի» հաղթողներին կինոյի և հեռուստատեսային անվանակարգերում:

Լավագույն կինոնկարը` դրամա

«Վերապրածը»

Կինոքննադատներն ու լրագրողները գնահատեցին Ինյարիտուի ֆիլմը վայրի հյուսիս-արևմուտքում դաժան կյանքի մասին: Ոչ այնքան բարդ դրամատուրգիան փոխլրացվում է խստաշունչ իրողությամբ և հիանալի օպերատորական աշխատանքով, որի օգնությամբ ռեժիսորը բացահայտում է ոչ այնքան բովանդակությունը, որքան հիանալի ձևը:

Լավագույն կինոնկար` կատակերգություն կամ մյուզիքլ

«Մարսեցին»

Էնդի Ուիրի համանուն բեսթսելերի էկրանավորումը Ռիդլի Սքոթի ղեկավարությամբ ավելի շուտ վեպի առանձին հատվածների վիզուալիզացիա է հիշեցնում, քան լիարժեք կինո: Այնուամենայնիվ, բավականին տարօրինակ է, որ գիտական ֆանտաստիկան ընդգրկվել է այս անվանակարգում և նույնիսկ հաղթել:

Տղամարդու լավագույն դերակատարում` դրամա

Լեոնարդո դի Կապրիո` «Վերապրածը»

Դերասանն արդեն երրորդ անգամ է արժանանում «Ոսկե գլոբուսի»: Նախորդ մրցանակները շնորհվել են Մարտին Սկորսեզեի «Ավիատոր» և «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմերի համար:

Տղամարդու լավագույն դերակատարում` կատակերգություն կամ մյուզիքլ

Մեթ Դեյմոն, «Մարսեցին»

Վեց անգամ ներկայացվելուց հետո Դեյմոնը վերջապես արժանացավ մրցանակին Կարմիր մոլորակում լքված NASA-ի աստղագնաց Մարկ Ուոտնիի դերակատարման համար:

Կնոջ լավագույն դերակատարում` դրամա

Բրի Լարսոն` «Սենյակը»

Լեոնարդ Աբրամսոնի իռլանդա-կանադական դրաման բարձր գնահատվեց կինոքննադատների կողմից: Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Բրի Լարսոնի փայլուն խաղն առաջին մրցանակը բերեց նրան կինոյի ասպարեզում:

Կնոջ լավագույն դերակատարում` կատակերգություն կամ մյուզիքլ

Ջենիֆեր Լոուրենս` «Ջոյ»

«Քաղցած խաղերի» աստղ, օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսն էկրանին մարմնավորել է վունդերկինդ-գյուտարար Ջոյ Մանգանոյին, որն առաջին հերթին հայտնի է որպես Miracle Mop հրաշք հատակմաքրիչի հեղինակ:

Լավագույն ռեժիսոր

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու` «Վերապրածը»

Անցյալ տարի հեղինակավոր մեքսիկացին արժանացել է «Օսկարի» հիանալի «Բերդմենի» համար: Հեղինակը երբեք չի թաքցրել, որ իր յուրաքանչյուր ֆիլմի նկարահանում փորձություն է նկարահանող խմբի համար: Հատկապես դա արդարացի է «Վերապրածի» դեպքում` նկարահանումները տեղի են ունեցել ուղղակի անմարդկային պայմաններում, առանց տաղավարների ու արհեստական լուսավորման:

Լավագույն հեռուստասերիալ

«Միստեր ռոբոտ»

Սա երիտասարդ ծրագրավորող Էլիոթի պատմությունն է, որը տառապում է անձի դիսոնանսային խանգարմամբ, և որոշել է, որ մարդկանց հետ փոխգործակցելու իր համար ընդունելի միակ միջոցը հաքերի մասնագիտությունն է: Առաջին սեզոնը, որը բաղկացած էր 10 էպիզոդից, հեռարձակվել է USA Network ալիքով` 2015-ի հունիսի 24-ից:

Այլ անվանակարգեր

Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարում կինոնկարում

Սիլվեստր Ստալոնե` «Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը»

Կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարում կինոնկարում

Քեյթ Ուինսլեթ` «Սթիվ Ջոբս»

Լավագույն սցենար

Ահարոն Սորկին` «Սթիվ Ջոբս»

Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ

«Գլուխկոտրուկ»

Լավագույն օտարալեզու ֆիլմ

«Սաուլի որդին»

Լավագույն օրիգինալ երաժշտություն

Էնիո Մորիկոնե` «Ատելի ութնյակը»

Լավագույն երգ

«Writing's on the Wall»` «007. Սպեկտր»

Լավագույն մինի-սերիալ կամ հեռուստատեսային ֆիլմ

«Գայլերի սրահը»

Տղամարդու լավագույն դերակատարում հեռուստասերիալում` դրամա

Ջոն Հեմ` «Խենթերը»

Կնոջ լավագույն դերակատարում հեռուստասերիալում` դրամա

Թարաջի Պ. Հենսոն` «Կայսրություն»

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net