19 հունվարի 2016 - 18:55 AMT
ՀՈԴՎԱԾ
Ռեզյումե կազմելու արվեստը. Ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել
Խորհուրդներն իդեալական չեն, բայց կօգնեն խուսափել հիմնական սխալներից և, գուցե, կավելացնեն ցանկալի աշխատանք գտնելու շանսերը
Մինչև վերջերս ռեզյումեն հասարակ հարցաթերթիկ էր, որին հատուկ պահանջներ չէին ներկայացվում: Այժմ աշխատանքային և անձնային որակները պոտենցիալ գործատուին ներկայացնելը իսկական արվեստ է դարձել: Առանց գրագետ կազմված ռեզյումեի լավ աշխատանք գտնելու հավանականությունը նվազագույնի է հասնում: Ռեզյումեի օգնությամբ դուք կարող եք ուղղորդել այն, թե ինչպես ձեզ կընկալի գործատուն: Մինչ հարցազրույցի հրավիրվելը դուք ձեր ռեզյումեն եք:

Ունիվերսալ ռեզյումեներ բոլոր մասնագիտությունների համար չկան: Յուրաքանչյուր մասնագիտության համար հարկավոր է համապատասխան ռեզյումե կազմել: Ռեզյումեի յուրաքանչյուր տեսակի խնդիրն է ցույց տալ այն, ինչ հատկապես կարևոր է տվյալ մասնագիտության համար:

Աշխատանքի տեղավորման մրցակցային մրցավազքում լավ ռեզյումեն յուրօրինակ «արժույթ է», որի փոխարժեքը կախված է որպես պրոֆեսիոնալի ձեր արժեքից:

Ըստ մասնագետների ռեզյումեն ոչ միայն առանձին բաժինների հավելված է աշխատանքի, կրթության ու վարժանքների մասին: Իդեալական ռեզյումեն կազմված է որպես հաջողության պատմություն: Այսինքն, երբ հասկանալի է, թե ինչպես են փոխկապակցված կրթությունը, կարիերայի աճը, բոլոր թրենինգներն ու հավաստագրերը, հայցորդի անձնային որակներն ու թափուր պաշտոնը: Եթե բոլոր այդ տարրերի միջև տրամաբանական կապը բացակայում է, գործատուն ուշադրություն չի դարձնի այդպիսի ռեզյումեին:

2 էջից երկար ռեզյումեն ոչ մասնագիտական է համարվում: Ոչ ոք չի սիրում կարդալ երկար ու խճճված ռեզյումեներ:

Կա մի չգրված կանոն` ռեզյումեի 1 էջը բավարար է 10 տարվա փորձը ներկայացնելու համար:

Ինչի՞ն են ուշադրություն դարձնում ռեզյումեն ընթերցելիս.

- Վերջին պաշտոնին. Առաջին հերթին անձնակազմը հավաքագրող մենեջերը ուշադրություն է դարձնում զբաղեցրած վերջին պաշտոնին: Արդյո՞ք հայցորդն ազատվել է իր ցանկությամբ թե նրան ազատել են աշխատանքից: Որքա՞ն է նա աշխատել և ի՞նչ խնդիրներ կատարել: Շատ կարևոր է ստանալ այս հարցերի պատասխանները:

- Ընկերության ճանաչված լինելուն: Շատ ավելի հեշտ է հասկանալ, թե որքան պրոֆեսիոնալ է մարդը, ելնելով նախորդ ընկերության անվանումից, որտեղ նա աշխատել է: Եթե որպես նախորդ աշխատավայր նշված է հայտնի ընկերություն, դա մեծ առավելություն է:

- Ընդհանուր փորձին. Եղել է կարիերայի աճ: Բարդացել են դրված խնդիրները: Համապատասխանո՞ւմ է արդյոք նշված պաշտոնը կատարված աշխատանքին:

- Ընդմիջումներին: Մի քանի ամսվա ընդմիջումներն անհանգստանալու առիթ չեն տալիս: Սակայն եթե գործազրկության շրջանները 6 ամսից ավելի են տևում, ապա հարկ կլինի ներկայացնել պատճառները: Կրեատիվ մտածողությունը միացրեք և այդ բացերը լրացրեք տեղեկատվությամբ, թե ինչով եք զբաղվել: Հնարավոր է, դա տան հետ կապված աշխատանք է եղել, ընտանեկան հանգամանքներ կամ ինքնազարգացում: Գործատուին պետք է հասկցնել, որ դուք ձեռքերը ծալած չեք նստել:

- Ներկայությանը համացանցում: Սոցցանցերը` Twitter, Facebook, Linkedin, շատ ավելին կարող են ասել ձեր մասին, քան ռեզյումեն: Ուստի, եթե ցանկանում եք աշխատանք գտնել, հոգ տարեք, որ ձեր պրոֆիլը սոցցանցերում ճիշտ ընկալվի:

- Ռեզյումեի ձևակերպմանը: Սխալներ, երկարություն, հստակություն և պարզություն:

Ինչի՞ն ուշադրություն չեն դարձնում

- կրթությանը` փորձն ամենից առավել է

- ոճային ձևակերպմանը

- անձնական տեղեկություններին` ընտանիք, երեխաների առկայություն, հիվանդություններ, լուսանկարներ:

Ինչի՞ց պետք է հրաժարվել

- Ռեզյումեների համար MS, Word շաբլոններից: Նախկինում Microsoft Word-ն առաջարկում էր Times New Roman տառատեսակը: Սակայն նորաձևությունը փոխվել է, առավել ընդունելի են դարձել այլ տառատեսակները` Calibri և Arial-ը: Times New Roman տառատեսակով ներկայացված ռեզյումեն հին ձևաչափ է համարվում: Ընդունելի է նաև PDF ձևաչափը:

- Ռեզյումեն առաջին դեմքով գրելուց

- Կեղծ տեղեկությունենր ներկայացնելուց:

Այս խորհուրդներն իդեալական չեն, սակայն կօգնեն խուսափել հիմնական սխալներից և, գուցե, ավելացնեն ցանկալի աշխատանք գտնելու շանսերը:

PanARMENIAN.Net / Tsets