8 փետրվարի 2016 - 15:18 AMT
ՀՈԴՎԱԾ
Պատմություն պատմելու կարողությունը. Հայտնի են Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակի դափնեկիրները
«Օսկարի» իսկական փորձը համարվում է հենց այս մրցանակաբաշխությունը, ոչ թե «Ոսկե գլոբուսը»
Փետրվարի 7-ին Ամերիկայի ռեժիսորների գիլդիան հրապարակել է 2015-ին լիամետրաժ կինոյում և հեռուստատեսությունում ականավոր ռեժիսորական նվաճումների համար սահմանված սեփական մրցանակի դափնեկիրների ցանկը: «Օսկարի» իսկական փորձը համարվում է հենց այս մրցանակաբաշխությունը, ոչ թե «Ոսկե գլոբուսը»: Չէ որ վերջին շրջանում Հոլիվուդի ռեժիսորների ընկերակցությունը մեծ հեղինակություն է սկսել վայելել, իսկ կինոակադեմիկոսներն առաջնորդվում են կինոյի գլխավոր մասնագիտության ներկայացուցիչների որոշումներով:

Գիլդիան բաժանել է կլոր շրջանակի մեջ առնված «ոսկե արծիվներին», իսկ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է հաղթողներին:

Լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու` «Վերապրածը»

«Օսկարի» համար մրցավազքի ֆավորիտներից մեկը հաստատուն քայլերով մոտենում է հաղթանակին: Բարդագույն լանդշաֆտի նկարահանումներ առանց արհեստական լուսավորության, համապատասխան բնապատկերի տանջալից որոնումներ, նկարահանող խմբի ցասում ու հուսահատություն: Մեքսիկացի Ինյարիտուն այդ մարդկանցից ստացել է առավելագույնը: Նրան ոգեշնչել է մեծն Տարկովսկին, կարողանալով հետաքրքիր պատմություն ներկայացնել առանց որևէ դրամատուրգիական հենքի:

Դեբյուտանտ ռեժիսորի լավագույն գործ

Ալեքս Գարլենդ` «Մեքենայից»

Ռեժիսոր դառնալուց առաջ Գարլենդը սցենարներ էր գրում: Տաղանդավոր բրիտանացին այնպիսի հիանալի գործերի հեղինակ է, ինչպիսիք են «28 օր անց»-ը և «Դժոխք»-ը: Ժամանակակից լավագույն ռեժիսորներից մեկի` Դեննի Բոյլի հետ սերտ համագործակցությունը թույլ է տվել Գարլենդին իրականացնել իր վաղեմի երազանքն ու նկարահանել մարդկութայն ոչ միանշանակ ապագայի մասին սեփական ֆիլմը մեծ տեխնոլոգիական թռիչքի լույսի ներքո:

Դրամատիկ սերիալի ռեժիսորի լավագույն գործ

Դևիդ Նանտեր` «Գահերի խաղը»

Փոքր էկրանի իսկական վետերան Նանտերը հայտնի է «Գահերի խաղը» սերիալի առանցքային էպիզոդների և մի քանի այլ հեռուստատեսային նախագծերի ստեղծմամբ: Նա դարձավ ամենաարյունալի էպիզոդներից մեկի` The Rains of Castamere (ավելի հայտնի է, որպես «Արյունալի հարսանիք»), ինչպես նաև սերիալի 5-րդ սեզոնի վերջին էպիզոդի բեմադրիչ, որից հետո միլիոնավոր երկրպագուներ նզովում էին հեղինակներին: Կատակերգական սերիալի ռեժիսորի լավագույն աշխատանք

Քրիս Էդիսոն` «Փոխնախագահը»

Ժամանակակից ամենածիծաղելի սերիալը, որն արդեն 4 սեզոն ունի, այդպիսին է դարձել մի շարք տաղանդավոր բեմադրիչների շնորհիվ: Երիտասարդ ռեիսոր Քրիս Էդիսոնը, Գիլդիայի մրցանակից հետո «բարձրագույն լիգա» անցնելու բոլոր շանսերն ունի, ինչը նրան իրավունք է տալիս ստեղծելու այլ սերիալների պիլոտային էպիզոդներ, կամ նույնիսկ սեփական հեռուստաարտադրանք մշակել:

Հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի ռեժիսորի լավագույն գործ

Դի Ռիզ` «Բլյուզում միայն Բեսսին է»

Կենսագրական դրամա, որը հիմնված է բլյուզ ոճի լեգենդար կատարող Բեսսի Սմիթի պատմության վրա, որի կարիերան գագաթնակետին հասավ XX դարի 20-30-ականներին: Հեռուստաֆիլմի ռեժիսոր Դի Ռիզն անձամբ է բեմադրել բոլոր էպիզոդները` ստիպելով հայտնի դերասանուհի Քուին Լատիֆային կատարել իր կարիերայի ամենաարտահայտիչ դերերից մեկը:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net