24 մայիսի 2016 - 16:24 AMT
ՀՈԴՎԱԾ
Արձակուրդային հեռուստաշրջան
10 սերիալ, որոնք կարելի է դիտել ամռանը
2016-ի գարունը բավականին բարդ շրջան էր հեռուստատեսային նախագծերի համար: Հեռուստաալիքները փակում էին սերիալները մեկը մյուսի հետևից` ցածր վարկանիշի և մեծ ֆինանսական կորուստների պատճառով: Մյուս կողմից, հեռուստաալիքները պատրաստակամորեն «կանաչ լույս» էին վառում հեռանկարային նորեկների համար, ուստի, արդեն սիրված շոուների հերթական սեզոններից բացի այս ամառ մեզ նաև միանգամայն նոր նախագծեր են սպասում:

Ուսումնասիրելով հեռուստասերիալների ցանկը` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 10 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել ամռան ամիսներին:

«Վտարանդին» (օրիգ. անվանումը` Outcast)

Եթերաշրջանը` 1

Պրեմիերան` հունիսի 3-ին

Հեռուստաալիքը` Cinemax

«Քայլող մեռելների» հեղինակ Ռոբերտ Քիրկմանի նոր նախագիծը պատմում է մի երիտասարդի մասին, որը փորձում է հասկանալ, թե ինչու ամբողջ կյանքի ընթացքում նրա հետ գերբնական բաներ են տեղի ունենում: Գեղարվեստական տեսակետից սերիալը ինչ-որ նմանություն ունի «Քայլող մեռելների» հետ, սակայն, զոմբիների փոխարեն այստեղ ուշադրության կենտրոնում հիմնական գերբնական իրադարձություններն են:

«Նենգ աղախինները» (օրիգ. անվանումը`Devious Maids)

Եթերաշրջանը` 4

Պրեմիերան` հունիսի 6-ին

Հեռուստաալիքը` Lifetime

Զուտ կանանց համար հետաքրքիր կատակերգական դրամատիկ սերիալ, որի կենտրոնում հավակնոտ լատինամերիկացի աղախիններն են, որոնք աշխատում են Բեվերլի Հիլզի հարուստ և հայտնի բնակիչների տներում: Եվ թեև մի կողմից հանդիսատեսը բավականին ջերմ ընդունեց շոուն, այդ է վկայում արդեն 4-րդ սեզոնի թողարկումը, սերիալը քննադատության արժանացավ լատինամերիկացիներին ըստ ընդունված կարծրատիպերի ներկայացնելու և օրիգինալությամբ աչքի չընկնող հայեցակարգի ու սյուժեի համար:

«Վերջին նավը» (օրիգ. անվանումը` The Last Ship)

Սեզոնը` 3

Պրեմիերան` հունիսի 12-ին

Հեռուստաալիքը` TNT

Պայթյունների սիրահար Մայքլ Բեյը սկսել է այս ոչ միանշանակ շոուն դեռ 2014-ին: Հետապոկալիպտիկ մարտաֆիլմի առաջին սեզոնը բավականին սառը ընդունվեց հեռուստադիտողի կողմից, չնայած բարձր որակի ռեժիսուրային: Սակայն հեղինակները չկարողացան պահպանել հաջողությունը` 3-րդ սեզոնը կշարունակի միայնակ ռազմանավի պատմությունը, որի անձնակազմին բաժին է ընկնում ամբողջ մարդկության փրկության բեռը:

«Նարնջագույնը նոր սևն է» (օրիգ. անվանումը` Orange Is the New Black)

Սեզոնը` 4

Պրեմիերան` հունիսի 17-ին

Հեռուստաալիքը` Netflix

Հոսքային տեսանյութերի Netflix ծառայությունը շարունակում է ուրախացնել բարձրորակ արտադրանքով; Ամերիկուհի Փայփեր Քերմանի կենսագրական գրքի վրա հիմնված կատակերգական սերիալը համոզիչ կերպով պատմում է կյանքի մասին կանանց բանտում: Հեռարձակման առաջին շաբաթում սերիալն ավելի շատ հանդիսատես է հավաքել, քան Netflix-ի այնպիսի սիրված սերիալներ, ինչպիսիք են «Դանդաղած զարգացումն» ու «Թղթե տնակը»:

«Միջև» (օրիգ. անվանումը` Between)

Եթերաշրջանը` 2

Պրեմիերան` հունիսի 30-ին

Հեռուստաալիքը՝ City

Բավականին տարօրինակ դրամատիկ սերիալ է, որի հեղինակներին հավանաբար Սթիվեն Քինգն է ոգեշնչել: Փոքր մի քաղաքում հանկարծամահ են լինում 21 տարեկանից բարձր բոլոր բնակիչները` իշխանությունները ստիպված են լինում շտապ մեկուսացնել այն: Քաղաքում մնացած երեխաներն ու պատանիները ստիպված են ինքնուրույն կյանքը հունի մեջ գցել ու պարզել կատարվածի պատճառները:

«Մի գիշեր» (օրիգ. անվանումը` The Night Of)

Եթերաշրջանը` 1

Պրեմիերան` հուլիսի 10-ին

Հեռուստաալիքը` HBO

HBO-ի յուրաքանչյուր նոր նախագիծ ինչ-որ ականավոր բանի ակնկալիք է: Հատկապես, երբ նոր նախագծին մասնակից է մեր հայրենակից Սթիվեն Զելլիյանը, որը «Շինդլերի ցուցակի» և «Նյու Յորքի ավազակախմբերի» հեղինակն է: Նոր կրիմինալ դրաման պատմում է փաստաբան Ջեք Սթոունի պատմությունը, որը հայտնվում է տարօրինակ ու ահասարսուռ սպանության հետաքննության կենտրոնում:

«Մաֆիայի ծնունդը. Նյու Յորք» (օրիգ. անվանումը` The Making of the Mob: New York)

Եթերաշրջանը` 2

Պրեմիերան` հուլիսի 11-ին

Հեռուստաալիքը` AMC

Իտալական մաֆիայի կայացումն ԱՄՆ-ում` պարարտ հող է բարձրակարգ հեռուստատեսային նախագծերի համար: «Մաֆիայի ծնունդը. Նյու Յորք» նախագիծը պատմում է 20-րդ դարի ամենաազդեցիկ մաֆիոզիներից մեկի` Սալվատորե Լուկիանոյի մասին, որը հայտնի է, որպես Չարլզ «Հաջողակ» Լուչանո: 1920-ի սկզբում ԱՄՆ Սահմանադրության 18-րդ ուղղումով արգելք սահմանվեց ալկոհոլի վաճառքի, արտադրության և փոխադրման համար` բազում նոր հնարավորություններ բացելով Լուչանոյի համար: Արդեն շուտով նրա քրեական կայսրությունը սկսեց միլիոնավոր դոլարներ բերել` ահ ու սարսափի մեջ պահելով ամբողջ Նյու Յորքը:

«Պարոն ռոբոտ» (օրիգ. անվանումը` Mr. Robot)

Եթերաշրջանը` 2

Պրեմիերան` հուլիսի 13-ին

Հեռուստաալիքը` USA Network

Հաքերների արտառոց ու փակ աշխարհի մասին աղմուկ հանած հոգեբանական թրիլերի երկար սպասված շարունակությունն է: Էլլիոթ Անդերսոնը ցերեկը կիբերանվտանգության երիտասարդ ինժեներ է, իսկ գիշերը` տաղանդավոր հաքեր: Գլխավոր հերոսի ազգանունը հստակ հղում է լեգենդար «Մատրիցային» , և դա պատահական չէ` կիբերպանկային ատրիբուտիկայի և խճճված սյուժեի շնորհիվ սերիալը պաշտամունքային է դարձել Վաչովսկու ֆիլմերի երկրպագուների շրջանում:

«Խաղացողները» (օրիգ. անվանումը` Ballers)

Եթերաշրջանը` 2

Պրեմիերան` հուլիսի 17-ին

Հեռուստաալիքը` HBO

Լեգենդար HBO-ն հաճախ չէ անդրադառնում կատակերգության ժանրին, իսկ եթե դիմում է, ապա վստահ եղեք, անսովոր բան է ստացվում: Սյուժեն ծավալվում է մի խումբ ամերիկացի ֆուտբոլիստների, նրանց ընտանիքների, ընկերների ու մարզիչների շուրջ: Ամենաառնական մարզաձևերից մեկի ներքին խոհանոցը ներկայացված է ծիծաղելի, երբեմն միանգամայն անհեթեթ ձևով, ինչն այս շոուն դարձնում է պարտադիր դիտման համար:

«Շտամ» (օրիգ. անվանումը` The Strain)

Եթերաշրջանը` 3

Պրեմիերան` օգոստոսի 28-ին

Հեռուստաալիքը` FX

Սարսափների արքա Գիլյերմո դել Տորոն Չակ Հոգանի հետ համահեղինակությամբ 2009-ին ստեղծել է «Շտամ» գրական եռապատումը: Աշխարհի վերջը, որի պատճառը սարսափելի էակներն են, որոնք գոթական վամպիրների են հիշեցնում, գրքերում այնքան մանրակրկիտ է նկարագրված, որ ընթերցողի արյունը սառչում է երակներում: Էկրանավորումն, անկասկած, շատ բան կորցրել է սկզբնաղբյուրի համեմատ: Սակայն, չնայած որոշ պարզունակությանը, էկրանային «Շտամը» բավականին լավ է ներկայանում: 3-րդ սեզոնն, ըստ գրքերի, պետք է վերջակետ դնի այս պատմությանը:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net