27 հոկտեմբերի 2016 - 13:20 AMT
ՀՈԴՎԱԾ
Գերազանց համակարգիչ և եռաչափ խմբագրում
Microsoft-ի գլխավոր նորույթները
ՏՏ շուկայի ամենահզոր ներկայացուցիչներից մեկը`նորարարությունների հսկա Microsoft-ը հերթական շնորհանդեսն է անցկացրել Նյու Յորքում` ներկայացնելով իր գլխավոր պրոդուկտներն ու պատմելով ապագայի ծրագրերի մասին: Չնայած հսկայական մրցակցությանն ու բջջային արտադրանքի հետ կապված որոշ խնդիրներին` Microsoft-ն այս տարի տեղում չի դոփել` ընկերության ղեկավարությունը վերջնականապես կողմնորոշվել է շուկայում իր ուղղվածությունների առումով, որտեղ ընկերությունն իրեն առավել վստահ է զգում: Դրանք ոչ միայն նոր մշակումներն են ծրագրային ապահովման ոլորտում, այլ նաև վիրտուալ իրականության հետ կապված մեծ հեռանկարները: Բացի այդ, Microsoft-ը մարտահրավեր է նետել Apple-ին` ներկայացնելով գերազանց մոնոբլոկ Surface Studio համակարգիչը:

Վստահաբար կարելի է ասել, որ այս անգամ Microsoft-ը կարողացավ հաճելիորեն զարմացնել: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է գլխավոր նորույթները, որոնց մասին հայտարարվեց շնորհանդեսի ժամանակ:

Windows 10 Creators Update

2017-ի գարնանը բոլոր սարքերը, որոնք աշխատում են Windows 10 օպերացիոն համակարգով, կստանան հերթական խոշոր թարմացումը Windows 10 Creators Update անվանումով: Ինչպես հայտնել են ընկերության ղեկավարները, թարմացումը «կոչված է բացահայտելու օգտատերերի տաղանդներն ու ներուժը»: Օպերացիոն համակարգն ավելի ունիվերսալ կդառնա` նրա բոլոր գործառույթները մատչելի կլինեն ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլ նաև շարքային օգտատերերին, այդ թվում նաև սահմանափակ կարողություններով մարդկանց:

Թարմացման համար առանցքային է եռաչափ տեխնոլոգիաների օգտագործումը: Եռաչափ ռեժիմով աշխատող հավելվածները հասանելի կլինեն ոչ միայն անհատական համակարգիչներում, այլ նաև բջջային հարթակներում: Թարմացման հեղինակները ձգտել են բնազդաբար ավելի հասկանալի և պարզ դարձնել աշխատանքն այդ տեխնոլոգիաների հետ` նրանք խոստանում են, որ 3D մոդելավորման գործընթացը հասանելի կլինի յուրաքանչյուրին:

Paint 3D

Կոնկրետ օրինակներով հիմնավորելու համար եռաչափ տեխնոլոգիաների լայն կիրառման մասին խոսքերը` ընկերության ներկայացուցիչներն ազդագրել են լայն տարածում ստացած գրաֆիկական խմբագրի թարմացված տարբերակը: Ինչպես երևում է անվանումից, Paint-ի օգնությամբ հնարավոր կլինի եռաչափ խմբագրում կատարել. հնարավոր կլինի աշխատել «գրիչով»` եռաչափ մոդելներ ստեղծելով անմիջապես ծրագրում և մշակելով դրանք: Աշխատանքի արդյունքներով անմիջապես ծրագրի միջից հնարավոր կլինի կիսվել սոցցանցերում գործընկերների և ընկերների հետ:

Շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց, որ նոր հարթակի զարգացման համար Microsoft-ը կհամագործակցի այլ մշակողների հետ: Օրինակ, ծրագրային ապահովման արտադրողի հետ գործակցության շնորհիվ SketchUp եռաչափ մոդելավորման համար Paint 3D-ի օգտատերերին անմիջապես հավելվածից հասանելի կլինեն պորտալն ու մոդելների հավաքածուները: Մյուս հավելվածները (PowerPoint) և Edge բրաուզերը նույնպես կաջակցեն 3D-տեխնոլոգիաներին:

Վիրտուալ իրականություն

Hololens ակնոցի օգնությամբ համալրված իրականության շուկան նվաճելուց բացի` ընկերությունը մտադիր է ուժերը փորձել նաև վիրտուալ իրականության ոլորտում: Այդ նպատակով Microsoft-ը կհամագործակցի Dell, Lenovo, HP, Asus և Acer ընկերությունների հետ: Վերջինները կարող են Microsoft-ի լիցենզիայով վիրտուալ իրականության բյուջետային գարնիտուրներ (ընդամենը $299) թողարկել:

Թեև նոր սարքերի հագեցվածության մասին ոչինչ չի ասվել, ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ պրոդուկտը իրենից կներկայացնի վիրտուալ իրականության լիարժեք սաղավարտ, ոչ թե կլինի Samsung Gear VRի կամ - Google Daydream-ի անալոգը, որոնք աշխատում են սմարթֆոնի հետ կապակցված:

Surface Book

Ընկերությունը ներկայացրել է հայտնի Surface Book տրանսֆորմեր նոութբուքի նորացված տարբերակը: Սարքն ունի նոր Intel Core i7 Kaby Lake պրոցեսոր, PixelSense դիսփլեյ, ինչպես նաև հզոր մարտկոցի շնորհիվ 16 ժամ ինքնուրույն աշխատելու հնարավորություն: Նոր սարքի գինը $2399 է, սակայն նախորդ տարվա Surface Book-ը կարժենա այժմ ընդամենը $1499, իսկ Surface Pro-ն` $899:

Surface Studio

Շնորհանդեսի գլխավոր նորույթը Surface Studio հիասքանչ մոնոբլոկն է, որը կարող է մրցակցել Apple-ի լավագույն համակարգիչների հետ: Սարքը մշակվել է հատուկ պրոֆեսիոնալ դիզայներների համար և տպավորիչ հագեցվածություն ունի. Intel Core i7 նոր պրոցեսոր, NVIDIA GeForce GTX 980M տեսաքարտ, 32 ԳԲ օպերատիվ հիշողություն և 2 ՏԲ հիբրիդային սկավառակ: Հետին պանելին տեղադրված է 4 USB 3.0, Ehernet, Mini DisplayPort, աուդիոմիացում և քարտրիդեր:

Ընկերության ինժեներները կարողացել են այդ ճոխ հավաքածուն տեղավորել փոքր կցորդի մեջ: Հատուկ ուշադրության է արժանի սենսորային TrueColor դիսփլեյը 3:2 կողմերի հարաբերակցությամբ և 28 դյույմ անկյունագծով: Դիսփլեյի հաստությունը 12,5 մմ է, ունի աշխատանքի մի քանի ռեժիմ, ինչը թույլ է տալիս օգտատերին տեսնել, թե ինչպես է նայվելու իր նախագիծն այլ, ավելի հասարակ մոնիտորների վրա:

Սարքի գները ևս տպավորիչ են: Բազային տարբերակի (1TB / Intel Core i5 - 8GB RAM / 2GB GPU) արժեքն է $2999, միջին տարբերակինը (1TB / Intel Core i7 - 16GB RAM / 2GB GPU)` $3499, իսկ լավագույն հագեցվածության սարքը (2TB / Intel Core i7 - 32GB RAM / 4GB GPU) կարժենա $4199:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net