17 նոյեմբերի 2016 - 17:20 AMT
ՀՈԴՎԱԾ
Ձմեռային հեռուստաշրջան
10 սերիալ, որ կարելի է դիտել գալիք ձմռանը
Խոշորագույն կաբելային ալիքներից մեկի` HBO-ի նոր ղեկավարությունը հսկայական քանակի նոր նախգծեր է վերանայել` անճանաչելիորեն փոխելով նոր սերիալների հեռուստացանկը: Չեղարկվել են մեծ ու թանկարժեք նախագծերը, առաջատարներից մնացել է միայն «Վայրի արևմուտքի աշխարհը»: Մրցակիցներն, իրենց հերթին, փորձում են վերանայել հեռարձակման սեփական քաղաքականությունը, ուստի 2016-2017թթ. ձմեռն այնքան էլ հարուստ չի լինի նոր հեռուստաշոուների տեսակետից:

Ուսումնասիրելով հեռուստացանկը` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 10 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել ձմռանը:

«Շերլոկ» (օրիգինալ անվ.` Sherlock)

4-րդ եթերաշրջան

Պրեմիերան` հունվարի 1-ին

Ալիքը` BBC 1

Լեգենդար բրիտանական շոուի երկար սպասված շարունակությունը էկրաններին կհայտնվի Նոր տարվա շեմին: Սըր Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունների ադապտացիան արդեն երկրպագուների բազմամիլիոնանոց բանակ ունի, որի քանակը շարունակում է աճել յուրաքանչյուր նոր եթերաշրջանի հետ: Եվ դա զարմանալի չէ, չէ որ այդ շոուի հեղինակներն են Մարկ Հեթթիսն ու Սթիվեն Մոֆաթը, որոնք հայտնի են շատերին «Դոկտով Ով» սերիալի վրա աշխատանքով, որը սիրված է հեռուստադիտողի կողմից:

«Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» (օրիգինալ անվ.` It's Always Sunny in Philadelphia)

12-րդ եթերաշրջան

Պրեմիերան` հունվարի 4-ին

Ալիքը` FX

Հաճելի իրավիճակային կատակերգություն է, որն ուրախացնում է հեռուստադիտողին արդեն 11 տարի շարունակ: Գլխավոր հերոսները Ֆիլադելֆիայում գործող «Թեդդի մոտ» իռլանդական փաբի ոչ այնքան հաջողակ սեփականատերերն են, որոնք հաճախ տարբեր ծիծաղաշարժ իրավիճակներում են հայտնվում` չպատկերացնելով, թե ինչպես կարելի է դրանց տակից դուրս գալ: Սերիալը, ինչպես և «Մեծ պայթյունի տեսությունը», հայտնի է տարբեր տրամաչափի աստղերի մշտական ներկայությամբ, ինչը կինոդիտումը շատ ավելի անակնկալ ու հետաքրքիր է դարձնում, թեև հումորի տեսակետից վերջին շրջանում խնդիրներ են առաջանում:

«Հայրենիք» (օրիգինալ անվ.` Homeland)

6-րդ եթերաշրջան

Պրեմիերան` հունվարի 15-ին

Ալիքը` Showtime

Կաբելային Showtime-ի գլխավոր արժանիքը համարվող սերիալը շարունակում է հմտորեն պահել հավասարակշռությունը խելացի քաղաքական թրիլերի և գլխավոր հերոսների բարդ դրամայի միջև: Իրաքում գերեվարված ծովային հետևակի ենթասպա Նիկոլաս Բրոուդիի պատմությունը, որը գերության 8 տարվանից հետո տուն է վերադառնում, ընտանիքի մոտ, 6 եթերաշրջանի ընթացքում արդեն խաղարկել է բոլոր հնարավոր թվիսթերն ու ինտրիգները: Սակայն, հեղինակներն ասում են, որ դեռ ամեն ինչ առջևում է:

«Առաջնածինները» (օրիգինալ անվ.` The Originals)

4-րդ եթերաշրջան

Պրեմիերան` հունվարի 18-ին

Ալիքը` CW

Սա յուրօրինակ հղում է Էնն Ռայսի «Հարցազրույց վամպիրի հետ» վեպին, որը պատմում է Նոր Օրլեանում բնակվող վամպիրների հնագույն ցեղի մասին, որը մշտական պայքարի մեջ է քաղաքի վհուկների ու մարդագայլերի հետ: Սերիալը թեև ոչ պակաս հայտնի «Վամպիրների օրագրերի» ճյուղավորումն է, այնուամենայնիվ կարողացել է սեփական երկրպագուներին գտնել ու ինքնուրույն «ապրել»:

«Բասքեթս» (օրիգինալ անվ.` Baskets)

2-րդ եթերաշրջան

Պրեմիերան` հունվարի 19-ին

Ալիքը` FX

«Տղաների հավաքույթը Վեգասում» ֆիլմում իր անմոռանալի դերով հայտնի Զաք Գալիֆիանակիսն ինքնուրույն է մշակել այս կատակերգական սերիալի նախագիծը, միաժամանակ երկու դեր կատարելով: Շոուն պատմում է անհաջողակ ծաղրածու Չիպ Բասքեթսի և նրա երկվորյակ եղբայր Դեյլի պատմությունը: Անհաջողության մատնվելով ծաղրածուների հայտնի ֆրանսիական ուսումնական հաստատությունում` Չիպը կորցնում է պրոֆեսիոնալ ծաղրածու դառնալու հույսը:

«Ուղի» (օրիգինալ անվ.` The Path)

2-րդ եթերաշրջան

Պրեմիերան` հունվարի 25-ին

Ալիքը` Hulu

Նյու Յորք նահանգի հյուսիսում ի հայտ է գալիս անհայտ ու խորհրդավոր կրոնական պաշտամունք,որի կենտրոնում է հայտնվում դավանանքի ճգնաժամ ապրող Էդդին և նրա հավատարիմ կինը` Սառան, իսկ նրանց ոչ պաշտոնական առաջնորդն է դառնում հավակնոտ Քելը: Նոր հեռուստատեսային թրիլերն, ըստ առաջին եթերաշրջանի, խոստանում է ծայրահեղ լարվածություն, ինտրիգներով լի շարունակություն, որը, հաջողության դեպքում, երկարաժամկետ կդարձնի շոուն:

«Սև առագաստներ» (օրիգինալ անվ.` Black Sails)

4-րդ եթերաշրջան

Պրեմիերան` հունվարի 29-ին

Ալիքը` Starz

Starz հեռուստաալիքը HBO-ի «հոգևոր հետնորդն է» և հայտնի է իր դիտարժան, մասշտաբային ու շատ բաց տեսարաններով: «Սև առագաստները» սագա է Կարիբյան ավազանի դաժան ծովահենների մասին: Ոսկե դարաշրջան նրանց համար, սակայն միաժամանակ նաև ամենաթեժ ճակատամարտերի շրջանն է XVIII դարի առաջին քառորդում: Դաժան ու անողոք տեսարանները քարը քարին չեն թողնում այն ռոմանտիկ պատկերացումներից, որոնք ձևավորվել են մարդկանց մոտ ամեն տեսակի «Կարիբյան ծովի ծովահենների» նման ֆիլմերի շնորհիվ: Starz-ի շոուն իրատեսական և համոզիչ կերպով պատմում է անցյալի ամենատարօրինակ «մասնագիտություններից» մեկի մասին:

«100» (օրիգինալ անվ.` The Hundred)

4-րդ եթերաշրջան

Պրեմիերան` փետրվարի 1-ին

Ալիքը` CW

97 տարի առաջ միջուկային պատերազմը ոչնչացրել է կյանքը Երկիր մոլորակի վրա: Միակ վերապրածներն ուղեծրում գտնվող 12 միջազգային տիեզերական կայանի ավելի քան 400 բնակիչներն են` կայանները միասին այսպես կոչված Տապան են կազմում: Երեք սերունդ է ծնվել տիեզերքում, վերապրել է ավելի քան 4000 մարդ, ռեսուրսները վերջանում են: Տապանից գաղտնի արտաքսվում է 100 անչափահաս, որոնք դատապարտվում են Երկիր վայրէջք կատարելու` ստուգելու համար արդյոք մոլորակը պիտանի է բնակության համար: Վերջին դարում առաջին անգամ մարդիկ վերադառնում են Երկիր:

«Տարածություն» (օրիգինալ անվ.` The Expanse)

2-րդ եթերաշրջան

Պրեմիերան` փետրվարի 8-ին

Ալիքը` SyFy

Ամերիկյան SyFy ալիքի հերթական գիտաֆանտաստիկ նախագիծը պատմում է ոչ այնքան հեռավոր ապագայում կատարվող իրադարձությունների մասին: 200 տարուց մարդկությունը սկսել է Տիեզերքի նվաճումը, սակայն, չնայած հսկայական տեխնիկական առաջընթացին, հանցագործությունների բացահայտման համար նախկինի պես հմուտ և խելացի խուզարկուներ են պետք: Դետեկտիվ Միլլերը սովոր է գործն ավարտին հասցնել: Սակայն հերթական հանցագործության հետաքննության ժամանակ նա բախվում է տիեզերական մասշտաբի դավադրության հետ:

«Միլիարդները» (օրիգինալ անվ.` Billions)

2-րդ եթերաշրջան

Պրեմիերան` փետրվարի 19-ին

Ալիքը` Showtime

Դրամատիկ սերիալը պատմում է հսկայական ֆինանսական մեքենայի աշխատանքին մասնակցող մարդկանց բարդ փոխհարաբերությունների մասին: Գործողությունը կատարվում է Նյու Յորքում, մեծ փողերի աշխարհում: Խոսքը գնում է հեջ-ֆոնդերի հավակնոտ արքա Բոբբի Աքսելրոդի և Դաշնային դատախազ Չաք Ռոդսի դիմակայության մասին: Դեմիեն Լյուսիը (Նիկոլաս Բրոուդին «Հայրենիք» սերիալից) և Փոլ Ջամատին, գերազանց դերասաններ լինելով, կարողանում են իրենց ուսերին պահել շոուն: Գլխավորը, որ սյուժեն նույնքան կլանող լինի, որքան Showtime-ի գործնականում բոլոր սերիալներն են:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net