29 մայիսի 2017 - 11:54 AMT
ՀՈԴՎԱԾ
«Թռչող տոպրակների» երկիր
Ինչու հրաժարվել պոլիէթիլենից
Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը համամոլորակային խնդիր է դարձել: Աշխարհում աղբի 75% կազմում են պոլիէթիլենային տոպրակները: Դրանք բնության մեջ շատ երկար են քայքայվում՝ 100-400 տարվա ընթացքում: Հայաստանում նախատեսվում է մինչև տարեվերջ մշակել պոլիէթիլենային փաթեթավորման եղանակից աստիճանաբար թղթային փաթեթավորման եղանակին անցնելու մեխանիզմներ:

Ծրագիրն իրականացվելու է «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում:

«Թռչող տոպրակների» երկիր

Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ, ինչից գոյացած աղբը գրեթե չի վերամշակվում: Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է՝ աղբանոցներում դրանք քամու միջոցով տարածվում են շրջակայքում, իսկ այրելու դեպքում արտադրվում է միջավայրն աղտոտող խիստ թունավոր, քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին:

Ինչ է արվել

Պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարում 2016-ի հուլիսից սուպերմարկետների մի քանի մեծ ցանց դրանք դարձրեցին վճարովի՝ 10-20 դրամ: Որոշ խանութներում էլ հաճախորդներին առաջարկում են պոլիէթիլենայինի փոխարեն օգտվել էկոլոգիապես ավելի մաքուր, սակայն նաև ավելի թանկարժեք` թղթե տոպրակներից:

Վերամշակումը

Կապանում հիմնադրվում է արտադրամաս, որտեղ ավազից, կավից ու պլաստիկ թափոններից՝ պոլիէթիլենային, պոլիպրոպիլային մնացուկից պատրաստվելու են նոր շինարարական նյութեր՝ կղմինդրներ, ճանապարհային բլոկեր և այլն: Շինանյութի արտադրության կազմակերպումn իրականացվել է Եվրամիության միջոցներով, պետության մասնակցությամբ: Թափոնների վերամշակման արդյունքում արտադրված շինանյութը նաև մոտ 50 %-ով էժան է մրցակցային դաշտում:

Բացի այդ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը հայտարարել է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարածքում նախատեսվում է հիմենել արտադրություն, որտեղ կենցաղային աղբն ու թափոնները կվերամշակվեն՝ արտադրելով էլեկտրաէներգիա:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net