22 հունվարի 2018 - 11:39 AMT
ՀՈԴՎԱԾ
Սոց.պատասխանատվությունն ու բիզնեսը
Օրգանական անուշեղեն՝ հաշմանդամություն ունեցողներին օգնելու համար
Հայաստանում արդեն 3 ամիս է՝ գործում է փախլավայի մասնագիտացված խանութ-սրահ: Այստեղ էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված համեղ քաղցրավենիքի վաճառքից ստացված շահույթի մի մասն ուղղվելու է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը: Խանութ-սրահի հիմնադիր Լյոլյա Բադեյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմեց Հայաստանում սոցիալական ձեռներեցությամբ զբաղվելու դժվարությունների և կարևորության մասին:

Հայկական խոհանոցի ամենահամեղ խմորեղենը՝ օրգանական հումքից

Լյոլյա Բադեյանի խոսքով, գաղափարն իրագործելիս իր համար նշաձող է սահմանել՝ չստեղծել այնպիսի արտադրանք, որն ինքը որպես հաճախորդ երբեք չէր սպառի: Նա վստահ է, որ էկոլոգիապես մաքուր քաղցրավենիքը բարձր պահանջարկ կունենա շուկայում:

«Խանութում տեսականին դեռևս սահմանափակ է: Չենք շտապում այն ավելացնել: Ցանկանում ենք դեռևս բարձր որակի արտադրանք ունենալ: Ամենակարևորն այն է, որ որակից դժգոհող հաճախորդ մինչև օրս չենք ունեցել: Արտադրանքն արտահանելու ծրագրեր էլ անպայման լինելու են», -ասում է Լյոլյա Բադեյանը:

Աշխատատեղեր՝ հաշմանդամություն ունեցողներին

Խանութ-սրահում ներկայումս կա 9 աշխատակից, որոնցից 5-ը հաշմանդամություն ունեն:

«Կարծում եմ՝ բիզնեսն անպայման պետք է սոցիալական ազդեցության մաս ունենա: Շատ մեծ շարժիչ ուժ է գիտակցումը, որ դու պատասխանատվություն ես կրում ոչ միայն քո ձեռնարկատիրության, այլև մարդկանց համար, որոնք քո օգնության կարիքն ունեն», -ասում է Բադեյանը և հավելում, որ եթե բիզնեսը ձախողվի, տուժելու է ոչ միայն սեփականատերը, այլև մարդիկ, որոնք մեծ հույսեր են կապել այդ բիզնեսի հետ:

Բիզնեսի կայացումից հետո շահույթի կեսն ուղղվելու է հաշմանդամություն ունեցողների կարիքների բավարարմանը:

Հաջողակ սոց. ձեռներեցությունը՝ գործարարի և ՀԿ-ի գործակցության արդյունք

«Սոցիալական ձեռներեցությամբ ի սկզբանե զբաղվել են հասարակական կազմակերպությունները։ Կարծում եմ՝ շատերը կհամաձայնվեն, որ ՀԿ ոլորտի ներկայացուցիչները միշտ չէ, որ բիզնես մտածողություն և համապատասխան հմտություններ ունեն», -ասում է Բադեյանը:

Նա նաև դեմ է, որ ոլորտում միայն գործարարներ լինեն՝ առանց ՀԿ-ների: Ասում է՝ միայն բիզնես մտածողություն ունեցող մարդկանց համար շատ դժվար կլինի պահել գաղափարի սոցիալական բաղադրիչը։ Որպեսզի սոցիալական ձեռնարկությունը կայանա, այն պետք է լինի ձեռնարկատիրոջ և հասարակական կազմակերպության գործակցության արդյունք:

Նանե Մանասյան/ PanARMENIAN.Net