1 օգոստոսի 2018 - 15:27 AMT
ՀՈԴՎԱԾ
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին
Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են
Թավշա հեղափոխությունից հետո զգալի փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հավաքագրած հարկերի կառուցվածքում․ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին՝ 2-րդ եռամսյակում, Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից հավաքվող հարկերի ծավալը կտրուկ աճել է թե 1-ին եռամսյակի, և թե նախորդ տարիների համադրելի ժամանակաշրջանում հավաքվող հարկերի ծավալների համեմատ, ինչը պետական բյուջե եկամուտների զգալի աճ է ապահովել։ Փոխարենը, զգալիորեն նվազել է մյուս հարկատուներից գանձվող հարկերի ծավալը։

2018-ի՝ հետհեղափոխական 2-րդ եռամսյակում՝ 1-ինի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճրարումներն աճել են 50%-ով՝ 178,6 մլրդ դրամից հասնելով 268 մլրդ դրամի։ Իսկ համադրելի՝ 2017-ի 2-րդ եռամսյակի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է 64,5 մլրդ դրամով կամ 31,6%-ով:

2016-2017 թվականներին խոշորներից գանձվող հարկերի աճի տեմպերն անհամեմատ ավելի դանդաղ էին․ նախորդ տարվա 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ հավաքագրված հարկերի աճը կազմել էր 16%, իսկ համադրելի՝ 2016-ի 2-րդ եռամսյակի համեմատ՝ 7%: Համադրելով 2016-2018 թվականների 2-րդ եռամսյակների ցուցանիշները, կարելի է եզրակացնել, որ Թավշյա հեղափոխությունից հետո խոշոր տնտեսվարողներից գանձվող հարկերի աճի տեմպն արագացել է 4,5 անգամ։

Մյուս տնտեսվարողներից գանձվող հարկային վճարները, ընդհակառակը, կտրուկ անկում են գրանցել․ հետհեղափոխական եռամսյակում դրանք կազմել են 63,1 մլրդ դրամ, ինչը 30-32%-ով պակաս է 1-ին եռամսյակի ու 2017-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշներից։

Ստորև ներկայացնում ենք վերջին 3 տարիների համադրելի՝ 2-րդ եռամսյակների ընթացքում 1000 խոշոր հարկատուներից ու մյուս բոլոր տնտեսվարողներից հավաքված հարկերի ծավալի վայրիվերումները:

Հարկերի հավաքագրումը 2-րդ եռամսյակում, մլրդ դրամ Infogram

Արդյունքում, 2018 թվականի առաջին կիսամյակում 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների պետական բյուջե վճարած հարկերն աճել են մոտ 18%-ով, կազմելով 446,6 մլրդ դրամ՝ 378,5 մլրդ-ի դիմաց։

Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է մուտքագրվել 602,1 մլրդ դրամ հարկ, ինչը 9,5%-ով գերազանցում է 2017 թվականի 549,6 մլրդ դրամն և 17,5%-ով` 2016-ի 512 մլրդ դրամը:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net