Աշխարհում տարածվող ու արդեն ՀՀ-ի հարևան Իրան հասած կորոնավիրուսի դեմ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, դեռ պատվաստանյութ չկա: Չնայած Ռուսաստանում Չինաստանի դեսպանը փետրվարի 24-ին հայտարարել էր, որ իր երկիրը վիրուսի դեմ 85-90% արդյունավետությամբ պատվաստանյութ է ստեղծել, ԱՀԿ-ն այս մասին դեռ որևէ տվյալ չի հաղորդել:
ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են՝ վարակը հիմնականում փոխանցվում է վարակված անձի հետ շփման ընթացքում փռշտալիս կամ հազալիս՝ շնչառական կաթիլների միջոցով:
Ներկա իրավիճակում, մինչ կորոնավիրուսը տարածվում է աշխարհում ու գնալով ավելի է մոտենում ՀՀ սահմանին՝ ԱՀԿ-ն, առողջապահության ներպետական կառույցները հորդորում են օգտվել կենցաղային, ամենօրյա, բայց և վարակի հավանականությունը նվազեցնող կանխարգելիչ միջոցներից:
Պարբերաբար լվանալ ձեռքերը
Կորոնավիրուսից պաշտպանված լինելու, այլ վիրուսներով չվարակվելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ հետևել ձեռքերի հիգիենային: Օրը մի քանի անգամ պետք է լվացվել հոսող տաք ջրով ու օճառով, հաճախ օգտվել ալկոհոլ պարունակող քսուքներից: Հատկապես պետք է լվացվել հասարակական վայրերում տարբեր առարկաների դիպչելուց, տրանսպորտում, վերելակում գտնվելուց հետո: Պարտադիր է սնվելուց առաջ և հետո լվացվելը:
Եվ նույնիսկ օրը մի քանի անգամ լվացվելուց հետո չի կարելի ձեռքերը բերանն ու աչքերին մոտեցնել. դրանց վրա հնարավոր մանրէներն այդ ճանապարհով ավելի արագ են ներթափանցում օրգանիզմ:
Ճիշտ սնունդը
Խորհուրդ չի տրվում ուտել վայրի կենդանիներից կամ ծովամթերքից պատրաստված ուտեստներ կամ նախուտեստներ: Հատուկ ուշադրությամբ և շատ լավ պետք է եփել միսը և ձուն: Վիրուսների ակտիվացման շրջանում անհրաժեշտ է օգտագործել սննդարար մթերքներ, վիտամիններր, որոնք օգտակար են իմունիտետին: Խորհուրդ է տրվում օգտագործել շշալցված ջուր:
Դիմակների հիգիենան և դրանց անհրաժեշտությունը
Բժշկական դիմակ անհրաժեշտ է կրել մարդկանց խմբերի մեջ գտնվելիս (տրանսպորտ, խանութ, շուկա, հասարակական այլ վայրեր): Տանը դիմակ կրելու կարիք չկա, եթե սուր շնչառական վարակով հիվանդի չեք խնամում: Մանկահասակ երեխաներին խուրհուրդ չի տրվում դիմակներ հագցնել՝ շնչառական խնդիրներ կարող են առաջանալ։ Դիմակն օգտագործելուց և հանելուց հետո այն ընդհանուր աղբի մեջ գցել չի կարելի. անհրաժեշտ է կապել մեկ այլ տոպրակի մեջ, հետո միայն նետել աղբամանը։ Դիմակը հանելուց հետո անհրաժեշտ է անպայման լվացվել:
Աձնական հիգիենան
Շնչառական որևէ վարակ ունենալու դեպքում անհրաժեշտ է քիթն ու բերանն անձեռոցիկով ծածկել փռշտալիս կամ հազալիս՝ վիրուսը չտարածելու համար: Անձնական հիգիենայի հետ մեկնտեղ պետք է տունն օդափոխել նվազագույնը 20 րոպե, փոխել սրբիչներն ամեն օր, օգտագործել հիգենիայի մաքուր պարագաներ: Ցանկալի է խուսափել հանրային զուգարաններից, օգտվելիս էլ՝ ուշադիր լինել:
Զուգարանակոնքից օգտվելիս ջուրը քաշելուց առաջ պարտադիր է կափարիչը փակել (եթե ձեզնից առաջ զուգարանակոնքից վարակված մարդ է օգտվել և զուգարանակոնքի կափարիչը չի փակել ջուրը քաշելիս, վարակվելու հավանականություն կա, քանի որ ջրից մասնիկները բարձր են թռչում ու մնում օդում): Պարտադիր է լվանալ ձեռքերը: Պարտադիր:
Հետևել առողջությանը
Դեռ մի քանի շաբաթ առաջ ՀՀ առողջապահության նախարարությունից խորհուրդ էին տալիս առաջիկա 2 ամսում զերծ մնալ դեպի Չինաստան ճամփորդություններից, իսկ ցանկացած երկիր այցելելիս հաշվի առնել այդ երկրի համաճարակային իրավիճակը: Չնայած «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արդեն հայտարարել է, որ ՀՀ ժամանողներն անցնում են հատուկ ստուգում, ԱՆ-ում խորհուրդ են տալիս ՀՀ վերադառնալիս և վիրուսային ախտանշաններ ունենալիս ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել բժշկի՝ տեղեկացնելով, թե որտեղ եք եղել վերջին 14 օրում:
Տաքության, չոր հազի, շնչառական դժվարությունների դեպքում անմիջապես պետք է բժշկի դիմել՝ նախօրոք զգուշացնելով այդ ախտանշանների մասին: Ինքնուրույն մարմնի ջերմաստիճանն իջեցնելու փորձերը կամ հակաբիոտիկներ օգտագործելը վարակի դեպքում ոչինչ չեն փոխի: Ընդհակառակը՝ կխանգարեն:
Կորոնավիրուսի մասին
Կորոնավիրուսի ախտանշանները նման են գրիպի կամ թոքաբորբի նշաններին. հոգնածության զգացում, շնչառության դժվարացում, բարձր ջերմություն, գլխացավ:
Կորոնավիրուսը կարող է դրսևորվել նաև թեթև տարբերակով, դրանից բուժվելու համար մոտ մեկ շաբաթ է պետք: Ռիսկային խմբում են մինչ այդ ծանր այլ վարակներ ունեցածները, շաքարային դիաբետ կամ թոքերի քրոնիկ հիվանդություններ ունեցողները: Հատկապես տարեցների դեպքում է վարակն ուղեկցվում հետագա բարդություններով:
Եթե վերջին երկու շաբաթում ճամփորդել եք և, հատկապես՝ գտնվել կորոնավիրուսի հաստատված դեպքեր ունեցող երկրներում, ցանկալի է ամեն օր տաքությունը չափել, վարակի ախտանշաններ նկատելու դեպքում՝ դիմել բժշկի:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը փետրվարի 24-ին հայտարարել է, որ ՀՀ-ում վարակի դեպքեր չկան, իրականացվում է վարակի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ: Նա նշել է, որ այս պահին ՀՀ-ն ունի կորոնավիրուսի հայտնաբերման 600-700 թեստ, սպասվում է, որ ևս 1000-ը կբերվի: