Կատակը մի կողմ. այսօր էսթետիկ ոլորտի կրած կորուստների և դրանում ավելացած նոր ռիսկերի մասին լռել չի կարելի: Եթե համատարած կարանտինի օրերին շատերը բողոքում էին, թե գեղեցկության սրահները փակ են, և դա խնդիր է, ապա այսօր դրանք բաց են, բայց ստիպված են աշխատել՝ պահպանելով որոշակի կարևոր նորմեր, ինչը պակաս խնդիր չէ:
PanARMENIAN.Net-ը զրուցել է էսթետիկ կենտրոնի տնօրենի, մատնահարդարի, կոսմետոլոգի, լազերաթերապևտի և վարսահարդարի հետ՝ պարզելու, թե ինչ նոր զոհեր է պահանջում գեղեցկությունը մայիսի 4-ից՝ ոլորտի վերաբացումից հետո:
«Հիգիենան շատ թանկ է նստում, և վճարում ենք մենք, ոչ թե հաճախորդը»
«Հիգիենայի բոլոր անհրաժեշտ նորմերին մենք առաջ էլ էինք հետևում, - ասում է «Օտրե» էսթետիկ կոսմետոլոգիայի կենտրոնի տնօրեն Յուլիանա Սիրանյանը: - Բայց այժմ էլ ավելի ուշադիր ենք: Մեզ մոտ բոլորը՝ նույնիսկ ադմինիստրատորները, պաշտպանիչ հանդերձանքով են»:
Մուտքի մոտ հաճախորդներին դիմակներ և բախիլներ են բաժանվում: Յուլիանան ասում է՝ բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոցներ, դիմակներ, խալաթներ, թանկացել են, բայց փորձում է գնել քիչ թե շատ հարմար գներով:
«25 հազար դրամանոց ջերմաչափն այժմ 60 հազար և ավելի արժե, ձեռնոցների տուփն առաջ 2400 դրամով էի գնում, այժմ` 4500-ով դժվարությամբ եմ գտնում: Բախիլների գները ևս կրկնակի աճել են: Եվ այդ ամենի համար մենք ենք վճարում, հաճախորդի համար ծառայության գները չենք ավելացրել, հաճախորդը մեղավոր չէ, որ իրավիճակն այդպիսին է», - ասում է կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ հետևում է բոլոր նորմերին, բայց վերաբացման օրից ոչ մեկ այդպես էլ չի եկել ստուգելու:
Յուլիանան պատմում է՝ թեև կարանտինից հետո հոգեպես պատրաստ էր ամեն ինչի, ծանր պահեր եղել են:
«Եղել է, որ զանգահարել ենք մեր հաճախորդներին՝ ասելու, որ բացվում ենք, իսկ նրանք ինֆեկցիոնից են պատասխանել: Ոմանք նեղված էին, քանի որ իրենց երեխաների մոտ էր հաստատվել վարակը: Հաճախորդներից մեկը լացելով պատասխանեց զանգին, շտապօգնության մեքենայում էր: Այս ամենը շատ ծանր է», - պատմում է Յուլիանան:
Ասում է՝ վարակն ամենաշատը հարվածել է ՓՄՁ-ներին, գործընկերներից շատերը փակման եզրին են, ոմանց բիզնեսն արդեն փրկել չի հաջողվի:
«Ամեն ինչ ստիպված 0-ից ենք սկսում»
Կոսմետոլոգ Աստրիկի խոսքով՝ կարանտինի ընթացքում ընդհատվել էր հաճախորդներից ոմանց բուժումը, որոշների մոտ դրական արդյունքները, որոնց դժվարությամբ էին հասել, կորել են:
«Հաճախորդներն ուշացրել են պրոցեդուրաները, բուժումը, շատերի մոտ ստիպված 0-ից ենք սկսում բոլոր գործողությունները», - ասում է նա:
«Ամեն ինչ ախտահանում ենք, բոլոր գործիքները միանգամյա օգտագործման են, վիրաբուժական ստերիլության ենք հասել», - հավելում է Աստրիկը:
Ասում է՝ թեև նոր պայմաններում աշխատելը մի քիչ վախենալու է՝ կոնտակտը հաճախորդների հետ շատ մոտ է, սակայն հետաքրքիր: Հաճախորդներն էլ մի քիչ պակասել են՝ թե՛ զգուշանում են, թե՛ գումար չունեն գեղեցկության համար:
«Կարանտինից հետո եղունգները շատ վատ վիճակում էին՝ կոտրված, անխնամ»
«Մենք միշտ էլ օգտագործել ենք ձեռնոցներ և դիմակներ հաճախորդների հետ աշխատելիս, այժմ ավելացել են նաև գլխարկները, պաշտպանիչ վահանները, խալաթներն ու ալկոգելերը», - պատմում է մատնահարդար Արմինեն:
Ասում է՝ յուրաքանչյուր հաճախորդի հետ անպայման փոխում են նաև ձեռնոցներն ու դիմակները:
«Հենց վերաբացվեցինք, լիքը մարդ էր գրանցվել, առանց դադարի աշխատում էինք: Նորմերին հետևում ենք ուշադիր, դրա հետևանքով մարդիկ չեն վախենում գալ: Վստահ եմ՝ մեզ մոտ ավելի անվտանգ է, քան տաքսիում կամ խանութում», - նշում է Արմինեն:
Նրա խոսքով՝ աշխատանքային պրոցեսը երկարել է, եթե առաջ մի հաճախորդի վրա ծախսում էր մինչև 1 ժամ, այժմ մոտ 20 րոպե ավելի. «Կարանտինից հետո բոլորի եղունգները շատ վատ վիճակում էին՝ կոտրված, անխնամ: Հաճախորդներից ոմանք գել լաքը պոկելով հանել էին՝ վնասելով եղունգը», - հիշում է մատնահարդարը:
«Փորձում ենք մաքսիմալ ստերիլ վիճակ ապահովել, որպեսզի մարդիկ ապահովություն զգան»
Լազերաթերապևտ Մանեն հաճախորդների հետ միշտ սերտ կոնտակտի մեջ է եղել, առանց դրա մազահեռացումն անել ահնար է, ուստի միշտ եղել է դիմակով և ձեռնոցներով:
«Այժմ ավելացել են նաև մեկանգամյա օգտագործման խալաթներն ու պաշտպանիչ վահանները», - ասում է Մանեն:
Համազգեստն ամեն օր լվանում են:
«Մայիսի 4-ից սկսած հաճախորդների հոսքը չի դադարում, բայց փուլ առ փուլ ենք ընդունում, որպեսզի հասցնենք պատշաճ կերպով կազմակերպել ամեն ինչ: Փորձում ենք մաքսիմալ ստերիլ վիճակ ապահովել, որպեսզի մարդիկ հենց մուտքի մոտից զգան, որ անվտանգ է, և չվախենան», - ասում է Մանեն՝ հավելելով, որ թեև հաճախորդների պակաս չկա, զեղչեր են անում՝ մտնելով մարդկանց դրության մեջ:
«Հաճախորդներից շատերը լուրջ չեն ընդունում և չեն զգուշանում»
Մարինեն արդեն 12 տարի է՝ վարսավիր է, ասում է՝ միշտ վստահ է եղել, որ ինչ-ինչ, բայց մազ կտրելը մարդիկ երբեք չեն դադարի:
«Ո՞վ կմտածեր, որ կգա ժամանակ, երբ ոչ կկտրեն մազերը, ոչ կֆենեն: Կարանտինի ընթացքում դժվար էր, սրահը չէր գործում, բայց անհատական պատվերներ երբեմն ընդունում էի: Ի՞նչ արած՝ առանց գումարի ապրել անհնար է, այդ ժամանակ էլ դեռ վիճակն այդքան վտանգավոր չէր, ոնց հիմա», - պատմում է Մարինեն:
«Այժմ վերաբացվել ենք, բոլոր նորմերին հետևում ենք, ես էլ ամբողջ օրը դիմակով եմ, իսկ դա բավականին դժվար է, հատկապես՝ շոգին: Բայց հաճախորդներից շատերը լուրջ չեն ընդունում և չեն զգուշանում: Ամեն մեկին պետք է առանձին բացատրել, որ առանց դիմակի չի լինի: Դժվար է», - ասում է վարսահարդարը:
Հաճախորդներից ոմանք էլ այս ընթացքում սովորել են ինքնուրույն հարդարել մազերը:
«Ասում են՝ էլ հաճախ չեն գալու մոտս, սովորել են ֆենել, իսկ ոմանք՝ նույնիսկ կտրել մազերը: Լավ է՝ դեռ գունաթափել չեն սովորել, թե չէ առանց գործ էի մնալու», - կեսկատակ-կեսլուրջ ասում է Մարինեն: