Աշխարհի ադրբեջանցիների համաժողովները կազմակերպվում են 5 տարին մեկ անգամ և Ադրբեջանի պաշտոնյայի սանձարձակ սպառնալիքը ուրվագծում է Ադրբեջանի գործողությունները առաջիկա 5 տարվա համար: Նաև ցուցադրելով Բաքվի իշխող վերնախավում պատերազմից հետո տիրող անզուսպ ոգևորությունը:
Շուշիում պատրաստվում են անցկացնել այս տարվա՝ 5-րդ համաժողովը: Ինչի պատճառով էլ սկսվել է Իրան–Ադրբեջան նոր սկանդալը: Կամ շարունակվում է հինը։ Ադրբեջանցիների հավաքը Իրանում անվանել են հակաիրանական: Իրանական մեդիահարթակներից մեկը գրել է․ «Բաքուն փորձում է Ղարաբաղի տարածաշրջանն օգտագործել որպես հենակետ անջատողական քաղաքականության և Իրանին հարվածելու համար: Դա բազմիցս կանխատեսվել էր 2020 թվականի պատերազմից առաջ և հետո»։
Իրանի այսպիսի արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհի ադրբեջանցիներ կոչվածի մեջ Բաքուն տեղավորում է նաև Իրանի տարածքի թյուրքախոս իրանցիներին: Եվ փաստացի Իրանի քաղաքացիների առաջնորդ է հռչակում Իլհամ Ալիևին:
Ավելին՝ համաժողովի մասին հոլովակը քարտեզով է, որի վրա Սյունիքի մի մասը՝ Զանգեզուրի միջանցք կոչված հատվածը, ներկայացվում է Ադրբեջանի տարածքում, ինչի հետևանքով Հայաստանը սահման չունի Իրանի հետ: Սա զայրացրել է Իրանի քարոզչական հարթակներին, որոնք պաշտպանում են Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի կարմիր գիծն է:
Թվիթերում հոխորտացող Ադրբեջանի պաշտոնյային իրանցիները զգուշացրել են՝ զսպել երևակայությունը, որովհետև Արաքսից հյուսիս ընկած Ադրբեջանն արհեստածին է, իրական և միակ Ադրբեջանը Իրանի տարածքում է, և կասկած չկա, որ ապագայում այդ նույն պաշտոնյան կմասնակցի աշխարհի իրանցիների համաժողովին: