8 նոյեմբերի 2007 - 20:19 AMT
ՀՈԴՎԱԾ
Վրաց ժողովրդավարության անփառունակ վախճանը
Իրադարձությունները Վրաստանում եւս մեկ անգամ հաստատեցին «չկայացած պետության» մասին դրույթը
Իրադարձությունները Վրաստանում սպասելի ավարտ ունեցան. ճշմարիտ «ժողովրդավար» Սահակաշվիլին ցրեց հանրահավաքը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում` արցունքաբեր գազով: Խաղաղ ցուցարարների ծեծը եւս մեկ անգամ ողջ աշխարհի համար հաստատեց, որ հետխորհրդային տարածքում, հատկապես` Հարավային Կովկասում, եւ ընդհանրապես Կենտրոնական Ասիայում իշխանությունները չեն պատրաստվում զիջել ընդդիմության ճնշմանը: Խիստ ասած, այդպիսի իրավիճակ է ողջ աշխարհում, բացառությամբ, գուցե, սկանդինավյան երկրների, որտեղ մեծ հանրահավաքներ կամ ծայրահեղական ընդդիմություն չի էլ եղել: Եւ դժվար էլ լինի:
Սակայն ամենից շատ անհանգստացած են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: Եւ հասկանալի է. նրանց դրածոն չարդարացրեց նրա նկատմամաբ ունեցած մեծ վստահությունը, երկխոսություն չսկսեց ընդդիմության հետ եւ դիմեց հանրահավաքի ցրմանը: Պետքարտուղարության մամլո քարտուղար Շոն ՄաքՔորմակի խոսքերով, «ոչ մի ոչ էլ մյուս կողմը չպետք է դիմացին սադրող քայլեր ձեռնարկեն, որոնք կարող են հանգեցնել բռնության»: Արտահայտվեցին նաեւ ԵՄ-ն եւ ԵԽ-ն: Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան կոչ է արել հակամարտության կողմերին զուսպ լինել եւ նշել է, որ «քաղաքկան հակասությունները պետք է կարգավորվեն ժողովրդավարական ինստիտուտի շրջանակներում»: Բոլոր շահագրգիռ կողմերի հետ հանդիպելու համար Վրաստան է մեկնում Հարավային Կովկասի հարցերով ԵՄ դեսպանորդ Պիտեր Սեմնեբին:

Սակայն մեկ բան կարելի է հաստատ ասել. «վարդերի հեղափոխությունը» ավարտվել է, ապացուցելով, որ «գունավոր հեղափոխությունները» ԱՊՀ-ում մատնված են տապալման: Պարզվեց, որ բավարար չէ վճարել իշխանության ղեկին գտնվող մարդկանց, պետք է ինչ-որ կերպ նաեւ ժողովրդին աջակցել: Սակայն հենց դա չի արվել: Ընդհանուր առմամբ, առաջին անհանգիստ ահազանգը Սահակաշվիլիի համար հնչեց վարչապետ Զուրաբ Ժվանիայի խորհրդավոր մահվան ժամանակ, որը մինչեւ հիմա պարզաբանված չէ, սական շատ շահավետ էր նախագահի շրջապատի համար: Ապա հետեւեց արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնաթողությունը, ով եւս հրավիրվել էր Վրաստանի նախագահի կողմից: Փաստորեն, ողջ վրաց ընդդիմությունը մարդիկ են, ովքեր չեն կարողացել լեզու գտնել երկրի ղեկավարի հետ: Իսկ ինքը` Սահակաշվիլին, արդեն այնքան էր հավատում Արեւմուտքի աջակցությանը եւ իր քայլերի ստույգությանը, որ նույնիսկ չարդարացավ` ողջ մեղքը բարդելով ռուսական հատուկ ծառայությունների վրա: Այն, որ Վրաստանը երբեք, նուրբ ասած, չի սիրել Ռուսաստանին, նորություն չէ: Բոլոր իրենց խնդիրներում վրացիները մեղադրում են ռուսներին. նույնն էր անում նաեւ Շեւարնաձեն, ճիշտ է, ավելի մեղմ: Սակայն հաշվի առնելով Վրաստանի ներկա նախագահի տաքարյունությունը կարելի է ասել, որ հակառուսական հիստերիայի տարածումը շարունակվելու է, սակայն ավելին հնարավոր էլ չէ: Չգիտես ինչու, Վրաստանն իրեն բացառիկ երկիր է համարում, առանց որի ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն չեն կարող հակազդել Ռուսաստանին: Ամբողջ հարցը նրանում է` որքան մեծ է դիմակայութունը եւ արդյոք Վրաստանն ադյքան մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Վերջիվերջո, Վրաստանը, առավել եւս Սահկաշվիլիին, շատ հեշտ է փոխել:

Բրիտանական թերթերը նշում են, որ Միխայիլ Սահակաշվիլին միշտ համարվել է Արեւմուտքի դաշնակիցը: «ԱՄՆ-ն հսկայական գումարներ են ծախսել Սահակաշվիլիին աջակցելու համար: Նա էական հաջողությունների էր հասել իշխանական կառույցներում կոռուպցիայի վերացման եւ արտաքին ներդրումների գրավման մեջ: Վրացիներից շատերը, սակայն, բողոքում են, որ նրանք մինչեւ հիմա որեւէ զգալի բարելավում չեն նկատել իրենց առօրեայում: Առճակատումը սպառնում է ԱՄՆ-ին ընտրության առաջ դնել. սատար կանգնել իր վարկանիշը կորցնող ղեկավարին, թե հետեւել` ինչպես է կարեւոր դաշնակիցը ճգնաժամային վայրկյանին հայտնվում քաոսում»,- գրում է Times-ը: «Զուգահեռ նրան, երբ պարոն Սահակաշվիլին գովասանքի էր արժանանում Վաշինգթոնի կողմից իր երկիրը Արեւմուտքի հետ մերձեցնելու համար, նրա օր օրի մեծացող ինքնակալական շեղումները անհանգստություն էին առաջացնում: Քննադատների կարծիքով, դրանք իրենց ողջ էությամբ արտահայտվեցին, երբ հատուկ ծառայության զինվորականները ռետինե փամփուշտներով կրակ բացեցին անզեն ցուցարարների ամբոխի ուղղությամբ»,- նշում է Daily Telegraph-ը:

Վրաստանի նախագահը ազգին ուղղված իր ելույթում նման կտրուկ մեթոդները բացատրեց պետության անվտանգության սպառնալիքով, որը գալիս է Ռուսաստանից: Պնդումները առավել քան ծիծաղաշարժ են, քանի որ ընդդիմությունը այնքան էլ բարեկամաբար չի տրամադրված Մոսկվայի նկատմամբ, լրիվ ընդհակառակը: Պարզապես իրադարձույունների ներկայացումը նման տեսանկյունից շատ հարմար է ներկա վրացական իշխանությունների համար: «Պարոն Սահակաշվիլին մեղադրել է ռուսական հատուկ ծառայություններին Վրաստանում պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ, հայտարարել է ռուսական դեսպանատան մի քանի դիվանագետների արտաքսման մասին, ժամանակավորապես ետ է կանչել Մոսկվայից վրաց դեսպանին, Թբիլիսիում արտակարգ դրություն է հայտարարել: Ըստ էության, իր ելույթում Վրաստանի նախագահը փաստորեն նորից պատերազմ է հայտարել Ռուսաստանին»,- գտնում է Կոմեռսանտը:

Թբիլիսիում չգիտես ինչու չեն հասկանում, որ Ռուսաստանի համար միեւնույն է` ինչ վարչակարգ կհաստատվի Վրաստանում, քանի որ հակամարտող երկու կողմերն էլ հակառուսական մոտիվներով են առաջնորդվում եւ հստակորեն ցանկանում են մտնել ՆԱՏՕ: Եւ իրոք, Օկրուաշվիլին ի՞նչ «մարտիկ է»... Իրադարձությունները Վրաստանում եւս մեկ անգամ հաստատեցին «չկայացած պետության» մասին դրույթը: