5 սեպտեմբերի 2009 - 22:16 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանը չի կարող ընտրել, նրան փաստի առջեւ են կանգնեցնում
Մենք պետք է ուղղակի ջնջենք մեր պատմության վերջին 200 տարին եւ շարունակենք ապրել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել
Արդեն կարծես թե մոռացվել է, որ ուղիղ մեկ տարի է անցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցից, այսինքն «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկից ի վեր, որը, եթե լուրջ խոսենք եւ ուշադրություն չդարձրնեն համաշխարհային հանրության «հիացական արտահայտություններին», ոչ մի լավ բան չբերեց հայ ժողովրդին: Ստացվեց ինչպես միշտ` գերտերությունների ճնշում, որը երբեմն հասնում է ծայրահեղության, ազգային շահերի ոտնահարում: Փաստորեն, Հայաստանը, ինչպես մենք արդեն բազմիցս ենք գրել, տանուլ տվեց բոլոր ուղղություններով, անկախ ԱԳՆ ղեկավարի առույգ զեկույցներից եւ միջազգային հանրությունից:

Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է անհետացման եզրին հասցնել Հայաստանին: Դրա ապացույցը կարող է լինել Օսմանյան կայսրությունում եւ Քեմալ Աթաթուրքի հիմնած Թուրքիայի հանրապետությունում հայերի բնակության ողջ վեցհարյուրամյա պատմությունը: Մենք կարող ենք անվերջ խոսել այն մասին, որ օսմանյան մշակույթի հիմքն ու փառքը ստեղծվել է հայերի ձեռքերով, սակայն ողջ աշխարհն արդեն իսկ համոզված է, որ ճարտարապետ Սինանը մեծանուն թուրք ճարտարապետ է, Թուրքիայի տարածքում պահպանված հունական ու հայկական մշակույթի հուշարձանները ինչ-որ անհայտ փոքրասիական մշակույթի կոթողներ են: Մենք ասում ենք, թե համաշխարհային հանրությունը տեղյակ է, թե ովքեր էին հայերը եւ մենք չէ, որ հերթական անգամ պետք է ապացուցենք այն, ինչն առանց այդ էլ պարզ է: Արեւմտյան Հայաստանի եւ նրա հուշարձանների հանդեպ նման մոտեցումը հիմար «գերազանցության» զգացողությունից բացի, ոչինչ չի առաջացնում:

Եթե լուրջ հայացք նետենք Հայաստանին պարտադրվող անընդունելի համաձայնագրի բոլոր դրական եւ թերի կողմերին, ապա ստացվում է այնպես, որ մենք ուղղակի պետք է ուղղակի ջնջենք մեր պատմության վերջին 200 տարին եւ շարունակենք ապրել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել: Այն ժամանակ արդեն ոչ ոքի հարկավոր չեն լինի ոչ բազմաթիվ բողոքները, ոչ խնդրագրերը, ինչպես դա արդեն եղավ 19-րդ դարում, երբ հայերն ուղղակի պաղատանքներով կորզեցին սահմանադրության շնորհման մասին կետը Սան Ստեֆանոյի խաղաղ պայմանագրում: Սահմանադրությանը հաջորդեց 1896թ. ջարդը..Երկրորդ անգամ հայերի վրա «ուշադրություն» դարձրին երիտթուրքերը: Արդյունքը եղավ 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Վերջինը Աթաթուրքն էր, որն ավարտին հասցրեց Թալաաթ-փաշայի գործը: Այս ամենից արվող եզրակացությունները շատ տխուր են` մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել պատմությունից: Հավանաբար, սա արդեն սովորություն է դարձել, բնավորություն, կենսակերպ: Հայերը չափազանց բարեսիրտ են գտնվում, երբ լուծվում է ազգի ֆիզիկական գոյության հարցը: Անշուշտ, կարելի է առարկել, որ 21-րդ դարում Ցեղասպանություն գործել հնարավոր չէ, սակայն Ռուանդան ու Դարֆուրն այլ բանի մասին են վկայում: Եվ հետո, կան ազգի ոչնչացման առավել քաղաքակիրթ մեթոդներ, ինչը կտեսնեն հայերը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում:

Ինչ վերաբերում է Երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վավերացմանը Թուրքիայի ու Հայաստանի խորհրդարաններում, ապա այստեղ, հավանաբար, Հայաստանը դեռեւս մի վերջին շանսն ունի: Հայ-թուրքական հարաբերությունների գծով համաժողովրդական հանրաքվեի անցկացման վերաբերյալ որոշ քաղաքական կուսակցությունների առաջարկը կարող է սառը ցնցուղի դեր կատարել այն որոշ տաք գլուխների համար, որոնք ցանկանում են բացել սահմանը: Ճիշտ է, Հայաստանի բնակչության մեծամասնությունը դեմ է սահմանի բացմանը, ինչպես նաեւ սփյուռքը: Ավելին, հանրաքվեի տապալումը կամ արձանագրությունների վավերացումը ՀՀ Ազգային ժողովում, վերջնական պառակտման կհանգեցնեն հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ, որոնք առանց այդ էլ այնքան էլ բարյացական չեն տրամադրված միմյանց հանդեպ: Համոզել Սփյուռքին, որ բարեկամություն անելը Թուրքիայի հետ բարիք է Հայաստանի համար, նշանակում է պաշտոնապես ասել Ցեղասպանությունից մազապուրծ մարդկանց ժառանգներին, որ ոչինչ չի եղել, ուղղակի պատերազմ է եղել, որտեղ կորուստներ են եղել երկու կողմերից: Այսինքն ընդունել թուրքական տեսակետը: Ի դեպ, հենց Անիի մուտքի մոտ կանգնեցված է հայերի ձեռքից առաջին աշխարհամարտի տարիներին զոհված թուրքերի հիշատակին նվիրված հուշարձանը...

Մինչդեռ, եվրոպացի փորձագետները, եւ ոչ միայն նրանք, սկսել են խոսել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում նախագահներ Սարգսյանն ու Գյուլը արժանի են Նոբելյան Խաղաղության մրցանակի: Նման նախադեպ Արեւելքում արդեն եղել է. 1978թ. Նոբելյան խաղաղության մրցանակ ստացան Իսրայելի վարչապետ Մենահեմ Բեգինը եւ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը` «Խաղաղության հիմքերը Միջին Արեւելքում» եւ «Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման հիքմերը քեմփդեւիդյան համաձայնությունների ստորագրման համար: Իսրայելը վերադարձրեց Եգիպտոսին Սինայի թերակղզու մեծ մասը: Հետագա բանակցությունների համար մնացին մի շարք չլուծված հարցեր, մասնավորապես, Հորդանանի արեւմտյան ափի իսրայելյան բնակավայրերի եւ Արեւմտյան ափի ու Գազայի հատվածի օկուպացիայի հարցերը: Պայմանագիրը կնքվեց ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարտերի միջնորդությամբ:

Մեր դեպքում Քարտերի դերում հանդես է գալիս Շվեյցարիան: Ամբողջ հարցը նրանում է, որ Հայաստանն է պատրաստվում վերադարձնել Թուրքիային, կամ Ադրբեջանին, ինչը նույնն է: Իսրայելը վերադարձրեց Սինայը, որն իրեն չէր պատկանում, սակայն իրավունք ունեն արդյո՞ք հայկական իշխանությունները սեփական հողերը տալ «օսմանյան հովանու տակ թվացյալ բարօրության» համար, ահա թե ինչում է հարցը:

Ինչպես գտնում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած «Սիվիլիտաս» հիմնադրամը, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու մասին արձանագրությամբ Հայաստանը համաձայնվում է, որ ոչ մի տարածքային պահանջ չունի Թուրքիայից եւ ընդունում է Անկարայի նախաձեռնությունը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին: «Եթե Հայաստանի խորհրդարանը անտեսի փաստաթղթերում առկա սպառնալիքները, ապա դա անդառնալի սխալ կդառնա: Վերջին 17 տարում Հայաստանի ոչ մի ղեկավարությունը նման քայլի չդիմեց` ելնելով քաղաքական ու պատմական պատասխանատվությունից»,-ասվում է հիմնադրամի հոդվածում:

Եվ հետո: Հավանաբար, դեռեւս ոչ ոք չի պատկերացնում, որ հարաբերությունների կարգավորումը անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի դեսպանատան բացմանը Երեւանում, որի վրա կփողփողա թուրքական դրոշը...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News