Սակայն այն ամենն, ինչ կատարվում է հայ-թուրքական հարաբերություններում, ոչ այլ ինչ է, քան հանդիսատեսին ուղղված խաղ: Իրականում կողմերից յուրաքանչյուրը` լինի դա ԱՄՆ-ն, Թուրքիան թե Հայաստանը, ջանում են առավելագույնը քաղել անհնարինից: Անհնարինն այս դեպքում տեսանելի ապագայում Հայոց ցեղասպանության ճանաչումն է ԱՄՆ-ի կողմից: Կոնգրեսականները ընդունում են ոչ մի բանի չպարտավորեցնող բանաձեւ, ԱՄՆ-ի հայ համայնքը եւ ողջ ազգը ուրախանում է, թեեւ ուրախության ոչ մի առիթ չկա: Թուրքիային հերթական անգամ հաջողվում է ստանալ ցանկալին ԱՄՆ-ից, իսկ Հայաստանը ինչպես միշտ մնում է ձեռնունայն: Մեծ հաշվով, ամենից շատ շահում է ԱՄՆ-ն` ապագա օրենսդիրները ստանում են ամերիկահայերի ձայները, Ամերիկան մնում է որպես ժողովրդավարության եւ մարդու իրավունքները պաշտպանող երկիր: Եվ այս ամենն արվում է հայերի ձեռքերով, որոնք իրենք են ցանկանում խաբված լինել: Առնվազն, նման տպավորությունն է ստեղծվում: Ինչպես արդեն ասել ենք, համաշխարհային հանրությանը միանգամային միեւնույն է` կճանաչի Թուրքիան, ԱՄՆ-ն, Իսրայելը կամ մեկ այլ երկիր Հայոց ցեղասպանությունը: Հայաստանը չունի այն, ինչ ունեն հրեաները, որոնք ստիպեցին ողջ աշխարհին ճանաչել Հոլոքոսթը, չունեն միասնական ազգային գաղափար: Կոպիտ ասած` սիոնիզմ չունեն: Անհնար է գաղափարը կառուցել 1,5 մլն մարդկանց աճյունի վրա, իսկ մենք դա ենք անում: Ուղղակի հարկավոր է իրատես լինել, տեսնել այն իրողությունը, որ առկա է այս կամ այն բանաձեւի ետեւում: Ստիպել ճանաչել սեփական պարտությունը կամ մեղքը կարելի է միայն հստակ օրենքներով ու ուժով: Մեր դեպքում չկա ոչ մեկը, ոչ` մյուսը: Եվ երբ Հայաստանն, այլ ելք չունենալով, սկսում է խոսել գոյություն չունեցող բաների մասին` Սեւրի պայմանագիր, Վ.Վիլսոնի արբիտրաժային որոշում, որն այդպես էլ չհաստատեց ԱՄՆ Սենատը, ապա աստացվում է, որ մենք ինքներս չգիտենք, թե հանուն ինչի ենք պայքարում:
Թուրքիան հիանալի պատկերացնում է, թե ինչ բացասական հետեւանքներ կարող են լինել, եթե ԱՄՆ Կոնգրեսի ընդունած Հայոց ցեղասպանության մասին որեւէ բանաձեւ օրենք դառնա: Հենց դրանով է բացատրվում նաեւ թուրքական կողմի ծայրահեղ նյարդայնությունն ու հայտարարությունները: Մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ Անկարան ուղղակի կանխարգելիչ հարված է հասցնում նրանց, ով կանգնած է տարածաշրջանային տերություն դառնալու նրա ճանապարհին: Եվ ամենալուրջը դա է:
Այնուամենայնիվ, թիվ 252 բանաձեւի ընդունումը կարելի է միայն ողջունել, քանի որ միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի ետ պահել Թուրքիային «ինքնագլուխ գործողություններից» տարածաշրջանային հարցերում: Իսկ այն, որ Հայ-թուրքական արձանագրությունները մինչ ապրիլ չեն վավերացվի, պարզ էր նաեւ առանց ԱՄՆ Կոնգրեսի: Եվ ամփոփելով ասվածը, նշենք, որ Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության «անսպասելի» ճանաչմանը: Եվ երբ ՀՅ Դաշնակցությունն ասում է, որ թիվ 252 բանաձեւի ընդունումը կարեւոր, սակայն ոչ վերջնական հաղթնակ է, դա իրոք այդպես է: Դժբախտությունը նրանում է, որ վերջնական հաղթանակ չկա եւ չի կարող լինել` մեզ միշտ խոստումներով են «կերակրելու», ինչպես դա անում է ԵՄ-ն Թուրքիայի հետ: