29 դեկտեմբերի 2010 - 13:46 AMT
ՀՈԴՎԱԾ
2010-ին Հայաստանի ազգային հավաքականն առաջ անցավ 40 հորիզոնականով
2010-ին անցկացրած 7 խաղերից Հայաստանի հավաքականը հաղթեց երեքում
2010-ը Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ավարտեց FIFA-ի 60-րդ հորիզոնականում 515 միավորով: Անցյալ տարվա համեմատ, Հայաստանի հավաքականը բարձրացավ 40 հորիզոնականով. 2009-ին հավաքականը 321 միավորով 100-րդ տեղում էր:

Փետրվարի սկզբին Վարդան Մինասյանը նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ: 2010-ին հավաքականն անցկացրեց 7 հանդիպում, որոնցից երեքը` ընկերական: Մարտի 3-ին հավաքականը 3:1 հաշվով պարտվեց Բելառուսի հավաքականին: Երևանում մայիսի 25-ին Հայաստանի հավաքականն ընդունեց Ուզբեկստանի հավաքականին և տարավ 2010-ի առաջին հաղթանակը: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով` հօգուտ հայ ֆուտբոլիստների: Վերջին ընկերական հանդիպումը հավաքականը EURO-2012-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ անցկացրեց Իրանի հավաքականի դեմ և պարտվեց 3:1 հաշվով:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլը սկսեց Իռլանդիայի հավաքականի դեմ: Խաղն ընթացավ համառ պայքարում: Չնայած մեկնարկային լարվածությանը, հայ ֆուտբոլիստները գործեցին վստահ և ակտիվ, բայց, ցավոք սրտի, պարտվեցին, և խաղն ավարտվեց 1:0 հաշվով: Երեք օր անց Սկոպյեում Մինասյանի սաները վաստակեցին առաջին միավորը: Մակեդոնայի հետ խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Բայց դա չխանգարեց Հայաստանի հավաքականին իրացնել իր պահերը Սլովակիայի դեմ խաղում:Մրցակիցը, որն աշխարհի առաջնությունում, հաղթահարելով խմբային փուլը, պարտության մատնեց Իտալիայի հավաքականին, Երևանում 3:1 հաշվով պարտվեց հայ ֆուտբոլիստներին:

Հայաստանի հավաքականը իսկական գունեղ և հիանալի ֆուտբոլ ցույց տվեց Անդորրայի հավաքականի դեմ խաղում:Մրցակիցը ստիպված եղավ 4 անգամ խաղը սկսել դաշտի կենտրոնից:

Հաղթանակների շնորհիվ Հայաստանի հավաքականը հավաքեց 7 միավոր և B խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը: 2011-ի առաջին խաղը հայկական թիմը կանցկացնի առաջատարի` Ռուսաստանի հավաքականի հետ:

2010-ի վերջին ֆուտբոլայի միջոցառումը կայացավ դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճում, որտեղ տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի Առաջին և Բարձրագույն լիգաների, ինչպես նաև ֆուտզալի Հայաստանի առաջնության չեմպիոնների պարգևատրման արարողությունը:

2010-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, իսկ լավագույն մարզիչ` «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները` առաջիկա և անցած խաղերի մասին`

Հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը դարձավ գոլի հեղինակ Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում, կարծում է, որ Հայաստաի հավաքականի համար ամենաբարդ խաղն իռլանդացիների դեմ էր, քանի որ խաղը մեկնարկային էր, և ֆուտբոլիստները դեռ չէին գիտակցում, որ ուժեղ են և կարող են հաղթել. «Շատերը կարծում են, որ մենք չենք կարող հաղթահարել խմբային փուլը, բայց ես այդպես չեմ կարծում: Եթե Լատվիայի հավաքականը խաղացել է Եվրոպայի առաջնությունում, ապա մենք ինչո՞ւ չենք կարող: Մեզ համար շատ կարևոր է լավ խաղալ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում, և եթե Երևանում գոնե ոչ ոքի լինի հաշիվը, ապա խմբային փուլը հաղթահարելու շանսերը կավելանան»:

Մանուչարյանի կարծիքի հետ համաձայն է կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:Նրա խոսքերով, բոլորը զարմացած են, որ Հայաստանի հավաքականն ուժեղ է: Ռուսաստանի հավաքականի մասին Մանոյանն արտահայտվել է այսպես. «Մեր հավաքականները նման են խաղերով, նրանց միակ առավելությունն այն է, որ շատ լեգիոներներ ունեն, ինչը չի կարելի ասել մեր մասին: Բայց դա չի կարող դառնալ վատ խաղի պատճառ»:

Գևորգ Ղազարյանը, որը հանդես եկավ Սլովակիայի և Անդորրայի հավաքականների դեմ խաղերում և խփեց մեկական գոլ, ուրախ է, որ երկրպագուները հավատում են իրենց ուժերին: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանք շարունակեն մնալ մեզ հետ: Ես մեր խաղացողների անունից կարող եմ ասել, որ ամեն ինչ կանենք, որպեսզի թե մենք, թե մեր երկրպագուները գոհ մնանք վերջնական արդյունքից»,- ասել է Ղազարյանը:

Պաշտպան Արտակ Եդիգարյանը չի սիրում կանխագուշակել, բայց խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի 2012-ին Հայաստանի հավաքականը հանդես գա Եվրոպայի առաջնությունում. «Ընտրական մրցաշարը մենք սկսեցինք վստահ, մենք երիտասարդ թիմ ունենք, որը բարձր նպատակներ ունի, և մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի 2011-ի հոկտեմբերին ուրախանալու առիթ ունենանք»:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News