30 ապրիլի 2011 - 17:13 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայերի համար նշանակալի օրը՝ ապրիլի24-ին, Վիկ Դարչինյանը կարողացավ վերադարձնել IBO վարկածով չեմպիոնի գոտին
Իր հաղթանակը հայ բռնցքամարտիկը նվիրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Իր հերթական հաղթական և գեղեցիկ մենամարտը Վիկ Դարչինյանն անցկացրեց ապրիլի 24-ին Լոս Անջելեսում՝ «Nokia Theater»-ում: «Ապրիլի 24-ը հատուկ տեղ ունի իմ բոլոր հայրենակիցների կյանքում, դա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը դիտեն այդ մարտը և զգան, թե որքանով ես մոտիվացված կլինեմ: Իմ հաղթանակը ես կնվիրեմ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,- մարտից առաջ հայտարարել է Դարչինյանը:

Հայ բռնցքամարտիկի մրցակիցը Յոնի Պերեսն էր Կոլումբիայից, և մարտը տեղի ունեցավ թեթևագույն քաշային կարգի շրջանակներում:

Մենամարտից դեռ մի քանի ամիս առաջ երկու կողմերը սպառնացել են, որ այդ դիմակայությունում հաղթանակ կտանի նրանց բռնցքամարտիկը: «Ես գիտեմ, որ Վիկը շատ ուժեղ և լավ բռնցքամարտիկ է: Նա թելադրում է պայքարի իր կանոնները, բայց ես չեմ պատրաստվում տեղի տալ նրան և պետք է հաղթեմ ու դա կանեմ նոկաուտով»,- հայտարարել է Պերեսը:

Իր հերթին Դարչինյանն ասել է հետևյալը. «Ես չեմ կարող ասել, թե որ ռաունդում կընկնի Պերեսը, միայն գիտեմ, որ վաղ թե ուշ ես կոչնչնացնեմ նրան: Երևում է, նա իր կարիերայի ընթացքում ոչ մի անգամ չի հայտնվել ռինգի հատակին, բայց ես իմ շատ մրցակիցների խորը նոկաուտի եմ ենթարկել: Եվ ես դա կրկին կանեմ»:

Այն բանից հետո, երբ բռնցքամարտիկները ռինգ դուրս եկան, պարզ դարձավ, որ հայ բռնցքամարտիկը մտադիր է հակառակորդին հասցնել հնարավորինս շատ հարվածներ և նրան նոկաուտի ենթարկել: Դարչինյանի նման հզոր հարվածներից մեկից հետո Պերեսը չկարողացավ ոտքի վրա մնալ և նոկդաունի մեջ ընկավ: Մենամարտի ելքը որոշվեց 5-րդ ռաունդում, երբ մրցավարը կոլումբիացու ձախ ունքը պատռվելու հետևանքով դադարեցրեց մենամարտը: Պերեսը հրաժարվեց շարունակել մարտը, և Դարչինյանը վերադարձրեց IBO վարկածով չեմպիոնի տիտղոսը:

Այս հաղթանակը հնարավորություն տվեց Դարչինյանին խաղ-ռևանշ կազմակերպել Աբներ Մարեսի դեմ, որին մրցավարների որոշմամբ պարտվել էր 2010-ին: «Ես պատրաստ եմ մենամարտել իմ քաշային կարգում ցանկացածի հետ: Կցանկանայի մենամարտել Մարեսի հետ, իսկ եթե նա հրաժարվի, ապա՝ Նոնիտո Դոնեյրայի հետ: Իսկ եթե երկուսն էլ չցանկանան, ապա ես կանցնեմ այլ քաշային կարգ»,- ասել է Դարչինյանը:

Նա խոստացել է, որ վերադառնալու է Ավստրալիա, որտեղից էլ ժամանելու է Հայաստան՝ ընկերների և երկրպագուների հետ հանդիպելու համար:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News