26 հունիսի 2012 - 18:15 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՖՈՏՈՇԱՐՔ
Դերեք Շիրինյան.
Ես օրհնված մարդ եմ, որ կարողանում եմ աշխատել նման երաժիշտների հետ
Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հայկական և հունական ծագումով ստեղնահար Դերեք Շիրինյանի անունը կապվում է համաշխարհային հարդ ռոքի և մեթալի հետ: Նա եղել է հայտնի Dream Theatre խմբի ստեղնահարը, Planet X սուպերխմբի հիմնադիրն է: Համագործակցել է Էլիս Քուփերի, Kiss, Slash խմբերի, Ալ դի Մեոլայի և շատ այլ հայտնի երաժիշտների հետ: PanARMENIAN.Net ը զրուցեց Շիրինյանի հետ, ով այս օրերին Հայաստանում էր: Նա սիրով պատմեց իր ապագա ծրագրերի և հայկական արմատների մասին:
Պատմեք մի քիչ ձեր հայկական արմատների մասին
Արմատներս Սեբաստիայից են: Հորս մորական տատը զենքը ձեռքին մասնակցել է թուրքերի դեմ ինքնապաշտպանական մարտերին: 1902 թ-ին նա այնուամենայնիվ ընտանիքի` Մանուկյանների հետ տեղափոխվել է ԱՄՆ, բայց նրա ամուսինը` նախապապս, շատերի նման սպանվել է: Շիրինյանները ԱՄՆ են վերաբնակվել 1915-16 թթ-ին:

Ե ՞ րբ հասկացաք, որ ուզում եք երաժիշտ դառնալ
Շատ վաղ տարիքից, 4-5 տարեկանից:

Ո ՞ ր երաժիշտներն են ամենամեծ ազդեցությունը թողել Ձեզ վրա
Չկա կոնկրետ մեկը: Նրանք բավական շատ են: Օրինակ The Beatles, Aerosmith խմբերը, Յան Գիլանը, Էլթոն Ջոնը, ինչպես նաև մի շարք դաշնակահարներ:

Հայկական երաժշտությունից ի ՞ նչ եք նախընտրում լսել
Շատ եմ սիրում Ջիվան Գասպարյանի դուդուկը: Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է նա նվագում, սիրտս լցվեց:

Ու ՞ մ հետ եք երազում համագործակցել
Մանկուց երազում եմ ելույթ ունենալ կիթառահար Ջեֆ Բեքի հետ: Հույս ունեմ, որ մի օր երազանքս կիրականանա:

Ովքե ՞ ր են այն երաժիշտները, ում հետ երազել եք աշխատել, և իրականացրել եք դա
Շատ-շատերի հետ եմ աշխատել: Ես, իրոք որ, օրհնված եմ, քանի որ կարողանում եմ աշխատել այն երաժիշտների հետ, ում շատ սիրում եմ, և երազել եմ համագործակցել:

Հայ երաժիշտների հետ համագործակցու ՞ մ եք
Առաջին անգամ Դորիանս ռոք խմբի հետ եմ աշխատում, և հուսով եմ, որ նրանք դուրս կգան միջազգային ասպարեզ: Շատ եմ հարգում Սերժ Թանկյանին և System of a Down խմբի գործունեությունը, և հուսով եմ, որ մի օր կաշխատենք միասին:

Երևանից հետո ու ՞ ր եք գնալու
Երևանից անմիջապես մեկնելու եմ Մոսկվա, որտեղից Բիլլի Այդոլի հետ կսկսեմ վեցշաբաթյա հյուրախաղեր Արևմտյան Եվրոպայով: 2013 թ-ի հունվարից կմասնակցեմ Դորիանսի նոր ձայնասկավառակի աշխատանքներին:

Ձեր ընտանիքը պահպանու ՞ մ է հայկական ավանդույթները
Այո, իհարկե: Կինս իրանահայ է, ով հրաշալի տիրապետում է հայերենին, և հայկական ավանդույթներին: Որդիս անգլերենից բացի նաև հայերեն է խոսում: Ես ինքս այժմ սովորում եմ հայերեն: Օրինակ` տղայիս վրա ջղայնանում եմ հայերենով (ծիծաղում է-Ս.Խ.):

Վերջում ի ՞ նչ եք մաղթում Ձեր հայաստանյան երկրպագուներին
Առողջություն, հաջողություն, սեր և ուրախություն:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ