18 հուլիսի 2012 - 17:23 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Արթուր Ալեքսանյան.
2,5 րոպե հունահռոմեական ոճի ըմբիշի հետ
Բլից-հարցերին Արթուր Ալեքսանյանը պատասխանեց PanARMENIAN.Net-ի խմբագրությունում: Չնայած սկզբում նա մի քիչ ամաչում էր, բայց անմիջական և ջերմ մթնոլորտը օգնեցին Արթուրին բացվել և անկեղծանալ:
Բնութագրիր քեզ:
Քչախոս, ամաչկոտ, բնավորությամբ հանգիստ:

Ի՞նչ սովորություններ ունես:
Ընկերներիս և հարազատներիս հետ միշտ նշում ենք հաղթանակներս:

Քո սիրած երգը:
Սիրում եմ Ջենիֆեր Լոպեսի երգերը:

Ի՞նչ ես սիրում ուտել:
Քաղցրավենիք եմ շատ սիրում, հատկապես` թխվածքներ:

Քո ամենալավ հնարքը, որ կատարել ես:
2 հնարք կարող եմ առանձնացնել, մեկը կատարել եմ այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, մյուսն էլ երիտասարդների աշխարհի առաջնությունում: Երկու առաջնություններում էլ դարձել եմ չեմպիոն:

Քո ամենամոտ կամ լավ ընկերը:
Չնայած շատ ընկերներ ունեմ, բայց կուզեի առանձնացնել ձեզ` քեզ Հասմիկ ու Գոհարին (խմբ. PanARMENIAN.Net-ի թղթակիցները): Շատ ուրախ եմ, որ ձեզ պես լավ ընկերներ ունեմ:

Իսկ ի՞նչ է ընկերությունը քեզ համար:
Այն մարդը, որը ընկերներ չունի, ոչնչի էլ չի կարող հասնել:

Ի՞նչ երբեք չես անի:
Աստղային հիվանդությամբ չեմ տառապի (ծիծաղում է):

Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել:
Երբ մարզումների ժամանակ ինչ որ բան չի ստացվում:

Դու դարձել ես ըմբիշ, որովհետև …
Փոքր տարիքից սիրել եմ այս մարզաձևը և ցանկացել եմ հաջողությունների հասնել:

Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր …
Չեն պայքարում իրենց նպատակին հասնելու համար:

Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է…
Միայն հաղթանակի մասին:

Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ երեք բան`
Առողջություն, սպորտային հաջողություն և մեր երկրին բարգավաճում:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News